
Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրnhի պատճառով վայրէջք է կատարել Սամարայում

Երեքշաբթի առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի ֆոնին Մոսկվայի օդանավակայանների փակումից հետո ՌԴ մայրաքաղաք մեկնող մի շարք չվերթներ ուղղորդվել են Վոլգայի դաշնային օկրուգի շրջանների այլընտրանքային օդանավակայաններ։
Այսպիսով, Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանը 11 չվերթ է ընդունել, այդ թվում՝ Երևանից, «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։
Նշվում է, որ 126 ԱԹՍ է խոցվել Կուրսկի, 91՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի, 38՝ Բրյանսկի, 25՝ Բելգորոդի, 22՝ Ռյազանի, 10՝ Կալուգայի, 8 Լիպեցկի, 8՝ Օռլովի, 6՝ Վորոնեժի, 3՝ Նիժգորոդի մարզերի օդային տարածքներում:
Այս պահին Մոսկվայի մարզում հայտնի է մեկ զոհի և հինգ վիրավորի մասին։ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հարձակումը կապել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի Մոսկվա կատարած այցի հետ. պաշտոնյան պետք է բանակցություններ վարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։