
«Իշխանությանը որ մնար, բոլորիս հանձնած կլիներ Բաքվին… դո՛ւրս եկեք այս միֆից, պատրաստվեք պատերազմի». Աշոտ Սևյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին»։
«Ադրբեջանում ընթացող «դատավարությունը» լուրջ անհանգստություն է առաջացնում Հայաստանի քաղաքական ղեկավարության համար՝ մղելով նրանց դատավարության դեմ նոր քարոզչական արշավ սկսելու՝ միջամտելով Ադրբեջանի ներքին գործերին։
Դատավարության դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի դատական գործընթացի հետ՝ օգնելու տարածաշրջանում անցումային արդարության վերականգնմանը և կայուն խաղաղությանը։
Խաղաղության իրական մտադրությունը և Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր սկիզբը, ի թիվս այլ բաների, կցուցադրվի Հայաստանի պատրաստակամությամբ՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»,- ասել է նա։
Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանն Ադրբեջանի հերթական պահանջից չի զարմացել, քանի որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մշտապես ասել է՝ եթե ՀՀ-ում շարունակի կառավարել ՔՊ-ն, վտանգ է սպառնալու բոլոր այն անձանց, որոնք պայքարել են Արցախի ինքնորոշման իրավունքի համար։
«Մի սպասեք, թե ՀՀ իշխանությունը կհակադարձի Ալիևի պահանջներին, սրանց որ մնար՝ հիմա մեզ բոլորին հանձնած կլինեին Բաքվին։ Հավատացեք, այդ քայլին կգնան, եթե համոզվեն՝ գոնե 1 տարով կերկարացնեն իրենց իշխանության կյանքը։ Ուղղակի այստեղ ցավալին այն է, որ սրանք մեր ժողովրդին այնպես են բթացրել, որ ձայն, ծպտուն չեն հանում, հասկանում են, որ Արցախը հանձնեցին, Հայաստանի մի հատվածը հանձնեցին, բայց որևէ բան չեն անում։
Սարսափելին այստեղ նաև այն է, որ Հայաստանի իշխանություններն ասում է՝ դե, «չպետք է գերի ընկնեին», այսինքն՝ ձեռք են քաշում սեփական քաղաքացիներից, բա դուք էլ ինչի՞ համար եք, եթե չեք կարողանում ապահովել ձեր սեփական քաղաքացիների անվտանգությունը, նրանց հայրենիք վերադարձնելու համար քայլ չեք անում։ Իմ հասկանալով՝ օրվա իշխանությունը մեսիջ տվեց սրանով, որ եթե պայքարեք, տեսեք, թե դրա հետևանքով ձեր վերջն ինչ է լինելու։ Չկա պատասխանատվություն սրանց կողմից, Ալիևն էլ ինչ ուզում՝ անում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։
Ազատամարտիկի խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունը մտածում է՝ շատերին հանձնելով Ադրբեջանին, խաղաղություն պայմանագիր կստորագրի՝ այդ պայմանագիրը չի լինելու, այն միֆ է։
«Ես ուղղակի հասարակ մարդկանց ասում եմ՝ դո՛ւրս եկեք այս միֆից, պատրաստվեք պատերազմի, հակառակ դեպքում թշնամին մինչև մեր տան դուռը հասնելու է ու դռանը սպանի։ Սրանք ազգայինը ոչնչացրել են, արժանապատվություն չունեն, եթե վաղն Ալիևը պահանջի, որպեսզի սրանք հրաժարվեն քրիստոնեությունից՝ կանեն, Վազգեն Սարգսյանի ասածով՝ սրանք մեռոնին թույն էլ կխառնեն։
1992 թվականից ես Ադրբեջանի թիրախում եմ եղել, 2016 թվականից նրանց թիրախում հայտնվեցին նաև այլ մարդիկ, հիմա իրենք այդ մարդկանց են պահանջում, ովքեր զենքը վերցրել ու մի ողջ ժողովրդի պաշտպանել են ցեղասպանությունից։ ՀՀ իշխանությունները դեռ չեն գիտակցում, թե իրենց թուլակամության արդյունքում Հայաստանն ինչի մեջ են ներքաշել, հայ ազգինն էլ՝ հետը։ Վաղն էլ Ադրբեջանն ասելու է՝ Արցախի հանքերն եք օգտագործել, բերեք միլիոններ վճարեք, իսկ եթե չեք կարող՝ Սյունիքը տվեք, որովհետև արդեն Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս։ ՀՀ նախկին 3 նախագահները մշտապես փորձել են այս ամենից Հայաստանը հեռու պահել, բայց սրանք եկած օրվանից ապացուցում են, որ Հայաստանն է ամեն ինչում մեղավոր, սրանք զուլում են բերել Հայաստանի գլխին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Աշոտ Սևյանը նաև հավելեց՝ ՀՀ իշխանությունն այնքան մեղքեր է գործել, որ ամեն գնով պահելու է աթոռը, քանի որ գիտակցում է՝ երբ աթոռին չեղավ, ցմահ դատվելու է։ Դրա համար, ըստ նրա՝ աշխատում է գոնե Երևանը պահել, որպեսզի աղանդավորներին հավաքի գլխին ու պահի իշխանությունը։
«Ես կորցնելու բան չունեմ, ինչ ունեի, կորցրել եմ՝ տունս, հորս գերեզմանոցն ու մեր տղաների գերեզմանոցները։ Մնացել է մի արժանապատվություն, դա էլ կյանքիս գնով կպահեմ։ Հիմա եթե մյուսները ցանկանում են պահել իրենց արժանապատվությունը, թող ցույց տան, թե չէ՝ Ալենն ու իր նմանները կասեն՝ «տղա էին, թող գերի չընկնեին»։ Այս երկրին ազգասեր դիկտատոր է պետք, խելացի, հավասակշռված, որպեսզի երկիրն ու պետականությունը պահենք»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։