Բաժիններ՝

Պանիր արտադրող ընկերությունները՝ պանրի արտադրության ծավալների կրճատման մասին

Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Հայաստանում պանրի արտադրության ծավալների կրճատման մասին: Պանրի արտադրության ծավալների կրճատումը նախարարությունը կապել էր կաթի արտադրության ծավալների նվազման հետ: Ըստ Գյուղնախարարության տվյալների` վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի արտադրությանը: Նախարարության հաղորդագրության համաձայն` պանրի արտադրության մեջ մասնագիտացված ձեռնարկությունները ձմռան ամիսներին չեն գործում, գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով (ԱՎԾ)` 2012թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում 1908.8 տոննա պանիր է փաստացի թողարկվել: 2013թ. նույն ժամանակահատվածում փաստացի թողարկվել է 1901.0 տոննա պանիր: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ` պանրի արտադրությունը նվազել է 7.8-ով: «168 Ժամը» պանիր արտադրող մի քանի ընկերություններից հետաքրքրվեց` արդյոք կրճատվե՞լ են նրանց արտադրության ծավալները, և որո՞նք են դրանց պատճառները:

Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` գործարանում պանրի արտադրության ծավալները կրճատվել են. «Չեմ կարող ասել` ինչո՞վ է դա պայմանավորված: Կովերի գլխաքանակը մեզ մոտ նույնն է, բայց կաթը քիչ է` երևի պայմանավորված խոտի որակով կամ եղանակներով: Նկատի ունեմ Աշոցքը, որովհետև երկու օր է` մի քիչ նորմալ եղանակ է, անընդհատ ձյուն, բուք էր…

Հավանաբար դրանով է պայմանավորված»: Հարցին` մոտավորապես քանի՞ տոկոսով են նվազել պանրի արտադրության ծավալները, Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը պատասխանեց. «Ինձ մոտ մոտավորապես անցյալ տարվա 55 տոկոսն է կաթը կազմում»: Պանրի գործարանի տնօրենը նաև ասաց, որ իրենք ձմռանը գրեթե չեն աշխատում. «Ձմռանը կաթ չկա»:

Կարդացեք նաև

Գ. Բաղդասարյանը նշեց, որ դեռևս չի կարող ասել` իրենց գործարանում պանրի արտադրության ծավալները կավելանա՞ն, թե՞ ոչ. «Դա կախված է եղանակային պայմաններից: Հնարավոր է` չորային լինի, կաթը չլինի, կամ էլ նորմալ, լավ եղանակ լինի, կաթը լինի: Ոչ ոք չի կարող ասել»:

Ապարանի պանրի գործարանի փոխտնօրեն Սոս Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պանրի արտադրության ծավալների կրճատում կա. «Մենք նկատում ենք, որ տարին հետ է ընկել, կաթի քանակը քիչ է, անասունները դեռ դուրս չեն եկել արոտ, խոսքը մեր ռեգիոնի մասին է: Անցյալ տարի էլ խոտի պակասություն կար` երաշտ էր: Պատճառը դա է հիմնականում»:

Սոս Կիրակոսյանի խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` պանրի արտադրության ծավալը նվազել է մոտ 25-30 տոկոսով: Ապարանի պանրի գործարանի փոխտնօրենն ասաց, որ ձմռանն իրենք պանիր չեն արտադրում. «Հիմնականում ձմռան պանիրը համեղ չի լինում: Հետո էլ շատ քիչ քանակ է, իմաստ չունի այդքան աշխատեցնել սարքավորումները»: Պատասխանելով հարցին` արդյոք Ապարանի պանրի գործարանում այս տարի պանրի ծավալների աճ կարո՞ղ է նկատվել, գործարանի փոխտնօրենն ասաց, որ դա դեռ պարզ չէ. «Արտադրության ավելացման դեպքում գինն ինքնաբերաբար կիջնի, կշատանա մրցակցությունը»:

«Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ի հաշվապահ Ռոբերտ Ռուբենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ պանրի արտադրության ծավալները չեն կրճատվել. «Մեզ մոտ ծավալը նույնն է»: Ընկերության հաշվապահն ասաց, որ հնարավոր է` պանրի արտադրության ծավալների աճ լինի, սակայն դա պանրի գների նվազման չի հանգեցնի. «Գները դրա հետ կապ չունեն: Պանիրները սովորաբար իրենց ստանդարտ գներն ունեն, մեր պարագայում այսպես է»:

Նշենք նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նշել էր, որ ներկայումս վերամշակող ձեռնարկություններն օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները, և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: «Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ` պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին` կբերի պանրի գների նվազում` 7-10%-ի սահմաններում»,- նշված էր նախարարության հաղորդագրության մեջ:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս