
Այդ ցուցադրականության նպատակներից մեկը հրապարակային ողջ հայ ազգին ստորացնելն է. լուսանկարները մտահոգիչ են, խոշտանգումների, բռնության տեսանելի հատկանիշներ կան. Սիրանուշ Սահակյան

Բաքվում շարունակվում է հայ պատանդների, գերիների շինծու դատավարական գործընթացը։ Երեկվա՝ մարտի 4-ի նիստում, հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերին։ Փոխարենը, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ցուցադրվել են Ռուբեն Վարդանյանի անձնական ձայնային խոսակցություններն ու նամակագրությունը WhatsApp, Signal և Telegram հավելվածներով, ինչպես նաև նրա պատրաստած փաստաթղթերը, լուսանկարներն ու տեսագրությունները։
Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվելու է մարտի 11-ին։ Նրան Բաքվի դատախազությունն առաջադրել է ամենածանր մեղադրանքները, դրանցից մեկով Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչություն կազմակերպելու և հովանավորելու» մեջ։
Արդեն մի քանի օր է՝ հայ հասարակությանը ցնցել են Բաքվի դատարանից հրապարակված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները, հյուծված, դեմքի կապտուկներով։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքվում ընթացող դատական գործընթացով ամրապնդվում է իրենց ունեցած սկզբնական տեսակետներն այն մասին, որ այդ գործընթացն իրապես կեղծ է, ֆարս, արդարադատության տարրեր առհասարակ նկատելի չեն։
«Ցուցադրական հաշվեհարդար է իրականացվում, ընդ որում՝ կոնկրետ անձանց միջոցով ողջ ազգի նկատմամբ։ Այս դատավարության ցուցադրականության նպատակներից մեկը հրապարակային ձևով ողջ հայ ազգին ստորացնելն է՝ արդար դատաքննության իրավունքի բոլոր երաշխքներն են խախտվում, չկա մեկ երաշխիք, որը ձևական առումով պահպանվի։
Կարծում եմ՝ այս խախտումներն էլ են ծրագրային և կրկին ի ցույց աշխարհի դնում են, որ հայերն իրավազուրկ են։ Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն իր ագրեսիայի համար անպատիժ լինել, այլև հայերի իրավունքները ցուցադրական ոտնահարելու համար։
Լուսանկարները մտահոգիչ են, դրանք ցուցադրում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի տարրեր, անգամ բռնության տեսանելի հատկանիշներ գոյություն ունեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սիրանուշ Սահակյանը։
Նա շեշտում է, որ մարդու իրավունքների միջազգային ստանդարտները պահանջում են, որպեսզի դատարաններն արձագանքեին խոշտանգումների այդ դեպքերին, պահանջեին արդյունավետ դատաքննություն և դատարաններում արված հայտարարությունները չստանային ապացուցողական նշանակություն, քանի դեռ խոշտանգումների առնչությամբ արդյունավետ հետաքննություն չի իրականացվել Ադրբեջանում։
«Սակայն մենք տեսանք, որ որևէ դատավոր հետաքրքրություն չցուցաբերեց խոշտանգման բացահայտ հետքերի առնչությամբ, և պրոցեսները շարունակություն ստացան, թեև կյանքին սպառնացող առողջական խնդիրների պարագայում անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն կար։
Մյուս երևույթը, որն ինձ համար տեսանելի էր, այս խոշտանգումների մեղադրանքներից պաշտպանվելու համար, Ադրբեջանը փոխարենն ապահովի խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների մուտքն իր երկիր, դերակատար է դարձնում Մարդու իրավունքների պաշտպանին։ Ինչպես տեսաք, տեղի էր ունեցել հերթական ձևական այցելությունը և այս այցելությամբ Մարդու իրավունքների պաշտպանը փորձում էր հերքել խոշտանգումների վերաբերյալ տեղեկատվությունը։
Այստեղ մեկ նկատառում ունեմ. մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունները ենթարկվում են պարբերական գնահատումների ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դաշինքի կողմից։ 118 երկրներ մաս են կազմում այդ դաշինքին, գնահատվել են, որոնց թվում է նաև Ադրբեջանը։ Շուրջ 2 տասնյակ երկրներ ստացել են «B» կարգավիճակ, ինչն ազդարարում է, որ այս ինստիտուտները չեն համապատասխանում Փարիզի սկզբունքներին, հատկապես անկախության չափանիշներին։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չունի «А» կարգավիճակ, նրան տրված կարգավիճակը «B»-ն է։ Սա նշանակում է, որ այդ հաստատությունը ֆունկցիոնալ առումով կախյալ է գործադիր իշխանությունից, և նրա տված գնահատականները չեն կարող դրվել միջազգային գործընկերների գնահատումների հիմքում»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանը նաև փոխանցեց, որ հասարակական կառույցները համախմբվել են և Բաքվում պահվող պատանդների, գերիների խոշտանգումների վերաբերյալ ապացույցները ներկայացրել են թե՛ ՄԱԿ-ի շրջանակներում, թե՛ Եվրոպայի Խորհրդի։ Նկատի ունենալով, որ այդ կառույցները երբեմն կոնֆիդենցիալ գործունեություն են իրականացնում, հետևաբար՝ այս փուլում նպատակահարմար չէ հասցեավորել։
«Մենք բոլոր այդ կառույցներին դիմել ենք և հստակ պահանջներ ունենք՝ այցելություն Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին, պայման պահմաններին ծանոթանալը, նրանց հոգեբանական, ֆիզիկական վերլուծությունը։ Իհարկե, նաև շարունակական աշխատանք ենք տանում անհապաղ ազատ արձակման ուղղությամբ։ Շատ դրական էր ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի ելույթը և դրա շրջանակներում արձանագրումը, որ հայերի կալանավորումն Ադրբեջանում ապօրինի է, որին էլ հաջորդեց ազատ արձակման ուղերձը, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն, որպեսզի Ադրբեջանը հետևի այս ուղերձներին, կոչերին»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: