
Տիպիկ Օսկարյան էս աղմուկի ֆոնին ինձ մտահոգում է մի ցավոտ իրողություն. Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մինչ հայկական հոսքի մի մասը հնգակի Օսկարակիր Անորան համարում է «տափակ հումորով անորակ գռեհկաբանություն», մյուս կողմը պնդում է «լռե՛ք ու հիացեք, որովհետև մեր հայերը Հոլիվուդում խոսում են հայերեն», արևմտյան մամուլը Շոն Բեյքերին համարում է ռուսական պրոպագանդային հոգին ծախած ռեժիսոր, իսկ կինոակադեմիկոսներին Կալաշնիկովի կերպարը կերտած Յուրի Բորիսովին նոմինացնելու համար մեղադրում է ռուսներին հաճոյանալու մեջ․․․ տիպիկ Օսկարյան էս աղմուկի ֆոնին ինձ մտահոգում է մի ցավոտ իրողություն։
Ինչ անհոգ թեթևությամբ են նոր սերնդի ներգաղթյալները մսխում հայի համբավն ու ահռելի հոգևոր կապիտալը նահանգներում, որ կերտել էին ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների առաջին ալիքի հայ զավակները։ Եվ ինչ ահազդու անկում է ենթադրում այն, որ Հոլիվուդում ՀԱՅ ասելով այլևս հասկանում են ոչ «Մետրո Գոլդվին Մայերի» տնօրեն ՔԸՐՔ ՔԸՐՔՈՅԱՆ, ոչ «Մարդկային Կատակերգության» համար Օսկարակիր ՈՒԼԻՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ, ոչ «Կինոյում մեծագույն ավանդի» համար Գրիֆֆիտի մրցանակին արժանացած ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ։ Այլ հասկանում են օլիգարխի գրպանային հոգևորական Թորոս ու օրենքից դուրս թիկնապահ Գառնիկ։
Ու ինձ մի ասեք, թե սա կարծրատիպային ընկալում է։ Համաշխարհային հանրության մի ստվար մասը պարբերաբար վերաիմաստավորում է իր ընկալումները՝ համաձայն Հոլիվուդյան կարծրատիպերի»։