
«Հայաստանը հերթական անգամ բացասական սալդո է արձանագրում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանը հերթական անգամ բացասական սալդո է արձանագրում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում։
2024 թ. Վրաստանը Հայաստան է արտահանել 137,43 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Ընդ որում Հայաստանից ներմուծումը կազմել է ընդամենը 72,70 մլն կՎտ.ժ, ինչը Վրաստանի էլեկտրաէներգիայի ներմուծման կառուցվածքում կազմում է 6%։
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 185,97 մլն կՎտ.ժ (կշիռը ներկրման կառուցվածքում՝ 15%)։
Հատկանշական է, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի ներմուծման առյուծի բաժինը դեռ պատկանում է Ռուսաստանին: Վերջինս 2024 թ.-ին ապահովել է դրա 79%-ը, կամ 968,84 մլն կՎտ.ժ:
Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը շարունակաբար աճում է։ Մինչև 2030 թ. երկիրը կարող է լուրջ պակասորդի առաջ կանգնել, քանի որ էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելանալու է մոտ 73%-ով՝ հասնելով 22 մլրդ կՎտ.ժ-ի:
Ներքին հզորությունների ընդլայնմանը զուգահեռ Վրաստանն անխուսափելիորեն ավելացնելու է էլեկտրաէներգիայի ներմուծումը։
Իսկ դա, իր հերթին, թելադրում է Հայաստանին ակտիվանալ Վրաստանի հետ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում՝ որպես ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էլեկտրաէներգետիկ միջանցքի բաղկացուցիչ մաս։
Այսօր, սակայն, ծրագրի իրականացման գործընթացը գրեթե պարալիզացված է:
Պատճառը, ինչպես և մնացած հարցերում, քաղաքական կամքի, իչպես նաև աշխարհաքաղաքական մտածողության բացակայությունն է»։