
Թլփատվող ժողովուրդ

Մեր ժողովուրդը փողատեր մարդու չի սիրում, սիրում է աղքատներին, առավել շատ իր աղքատությունը։
Մարդիկ դժգոհում են հարուստներից` փոխարենը դժգոհելու իրենցից, թե ինչու՞ իրենք հարուստ չեն։
Ազգի մերանը ազգային հարստությունն է։ Հարուստների մեջ ևս կան մարդիկ` ովքեր իրենց հարստությունից շատ սիրում են Երկիրը` Հայրենիքը։ Այո, երջանկությունը միայն հարստության մեջ չէ, իսկական երջանկությունը հանրային բարօրության մեջ է, ազգի ապահովության և բարգավաճման մեջ։
Միայն անասունը կարող է երազել անվախճան արոտավայրերի մասին։
Եվ վերջապես, որքա՞ն կարելի է որոճալ…
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ այն բացառիկն է, ով մի կողմ դնելով հարստությունը, անձի և ընտանիքի ապահովությունը` իրեն նետեց ազգային պայքարի կիզակետ` Արցախ։
Նա ևս կարող էր, չէ՞, վայելելով իր կարողությունը, արբանյակի հանգույն պտտվել աշխարհի շուրջը` վայելել իր հանգիստն ու կայֆը և ազատ ժամերին միացնելով հեռուստացույցը` հեռվից, հեռու «բալետ» անել Արցախի հերոսական ժողովրդի պայքարին, ինչպես մեզնից շատերը:
Բայց նա այդպես չվարվեց, նա գնաց կանգնեց արցախցու կողքին և ասաց` Արցախը ես եմ, ես եմ իմ հայրենիքի տերը, ես եմ թիկունքը իմ երկրի, թող թշնամու գնդակը անցնի իմ միջով, բայց երբեք այն չդիպչի ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍՐՏԻՆ։
Սա էր իսկական հայի տեղը և նա իր տեղում էր։
Բայց… բայց ազգը չգնահատեց իսկական անձի զոհողությունը։ Նա նաև իշխանությունների խարդավանքի զոհը եղավ` հայտնվելով Բաքվի բանտում։ Որովհետև նա` ուժեղը իշխանությունների դեմ ևս ուժ էր, ով կարող էր պահել Արցախը, ազգային արժանապատվությունը, պետության սահմանները, բարոյականության հիմքերը, երկրի զարգացումն ու լուսավոր ապագան։
Այլ դեպքում, երբ կործանարար վարչապետը Բաքվի բանտում գտնվող գերիների ազատման հարց էր բարձրացնում, ինչու՞ այդ ցանկում չկար ՌՈՒԲԵՆ. ՎԱևԴԱՆՅԱՆ անունը, ինչու՞ պիտի Ալիևը հարցներ կործանարարին,
– Վլադիմիր Պուտինը հարց է բարձրացնում ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ազատման, իսկ ինչու՞ դուք նույնը չեք պնդում…
Թշնամին անգամ պատռում է երեսպաշտության դիմակը:
Իսկ մե՞նք…
Մե՞նք…
Ինչու՞ ենք լռում, ինչու՞ չենք կանգնում նեղյալի և Բաքվի բանտում գտնվող բոլոր նեղյալների կողքին, ինչու՞ ենք անտարբեր` տաշեղի պես անկառավար նետվել վհատության օվկիանը, ինչու՞ ենք կորցրել մեր արժանապատվությունը, հայի պատիվն ու ազգային կերպարը: Կարծես թե մենք, այլևս հայ չենք, մարդկային մի գոյ ենք, խեղճություն, առանց արժանապատվության և հեռանկարի, որ ուզում է ապրել, միայն ապրել, ինչ գնով էլ, որ այն լինի, թեկուզ թլփատվելու գնով, միայն թե ապրել, թքած ունենալով այն ամենի վրա` ինչը նվիրական է ազգին` ազգային ինքնությանն ու արժանապատվությանը։
ՄԵԶ ԱՅԴՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ։
Դրա համար էլ ոմանց համար «կրթվելը նորաձև է»…
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ