
2024թ. ՀՀ բանկերը 2023թ. համեմատ ավելի քան 100 մլրդ դրամի շահույթ են ունեցել

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ բանկերը 2024թ. 2023թ. համեմատ ավելի քան 100 մլրդ դրամի շահույթ են ունեցել։
«2024թ. բանկային համակարգն աշխատել է շահույթով և 363 մլրդ շահույթ է արձանագրել։ Եթե համեմատենք 2023թ. հետ, ապա աճը 100 միլիարդից շատ է եղել կամ մոտ 60 տոկոս։ Իսկ 2022թ. ունեցել ենք 250 միլիարդի աճ»,- ասաց նա։
Ազատյանի փոխանցմամբ՝ 2024թ. շահույթն ավելի շատ պայմանավորված է ԼՂ քաղաքացիների բռնի տեղահանության հետևանքով 2023թ. արձանագրված 80 մլրդ դրամի վնասի հետ։
Ինչ վերաբերում է բանկերի` վարկային բարձր տոկոսադրույքներով գերշահույթներ գեներացնելուն՝ Ազատյանը նշեց, որ բարձր տոկոսներ ասելով` ընդունված է հասկանալ 50-150 տոկոսանոց վարկերը, իսկ Հայաստանում նման տոկոսադրույքներ գոյություն չունեն։
«Եթե խոսքը վերաբերում է հիփոթեքային կամ սպառողական վարկերի տոկոսադրույքներին, ասել, որ դրանք բարձր են, իմ կարծիքով, ճիշտ չէ, որովհետև կարող ենք ասել, որ դա փողի՝ պահանջարկի և առաջարկի հիման վրա ձևավորվող գինն է»,- ասաց Ազատյանը։
Ի դեպ, հնարավոր խնդիրներից խուսափելու համար Հայաստանի բանկերի միության նախագահը քաղաքացիներին խորհուրդ տվեց բանկային պայմանագրերում լողացող տոկոսադրույքների պարագայում հատուկ ուշադրություն դարձնել դրանց ձևավորման պայմաններին։