
Անիրատեսական ակնկալիքներ չենք տվել՝ չենք ասել, որ դառնալու ենք ԵՄ անդամ. Արման Եղոյան
ՀՀ-ն «ամուսնացած չէ» ոչ ոքի հետ, և մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ «արտամուսնական» հարաբերություն չէ. ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին, ի պատասխան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հայտարարության, թե ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և ԵՄ-ն արդեն իսկ «ամուսնացած մարդու» է մոտեցել՝ ասաց ՔՊ պատգամավոր Մերի Գալստյանը։
«Կարծում եմ՝ պատշաճ չէ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը պարզեցնել այսպիսի մետաֆորներով։ Ես ևս մեկ անգամ հաստատում եմ մեր հանձնառությունը երկկողմ համաձայնագրով, որն ընդունել ենք՝ ուղղված ԵՄ-ի հետ մոտարկման»,- ասաց նա։
Նիստը վարող ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն էլ արձագանքեց՝ պնդումը, թե ՀՀ-ն այս տարի ԵՄ անդամ կարող է դառնալ, իրականությանը մոտ չէ․«Ոչ մեկ նման հուշում չի տվել, որ այս տարի կարող ենք անդամ կամ նույնիսկ թեկնածու լինել։ Ճիշտ հակառակը, իշխող կուսակցությունն ասել է, որ սա երկար գործընթաց է»։