Հարց Ֆրանսիայի դեսպանին՝ բա որ Արցախն Ադրբեջան էր 1991թ.-ից, Օլանդն ու Սարկոզին ի՞նչ հայտարարություններ էին անում. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի վերջին հարցազրույցում արված հայտարարությանը։

Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ՝ դեսպանը два в одном է անում՝ փաստաբանություն և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Էմանուել Մակրոնին։

«Ինչո՞ւ Մակրոնին, որովհետև նրա և Շառլ Միշելի ներկայությամբ է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Քանի որ դեսպանի ղեկավարը եղել է այդ գործընթացի մասնակիցներից, հովանավորներից մեկը՝ Շառ Միշելի հետ մեկտեղ, hետևաբար` դեսպանը փորձում է և Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել «Արցախը հանձնողի» պիտակը, և փորձում է  արդարացնել իր ղեկավարի միջնորդական գործունեությունը։

Նախ ասեմ, որ դա քաղաքական տգիտություն է, Ալմա Աթայի հռչակագրով նման բան չկա։ Երկրորդը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչված է եղել և ճանաչված է առ այսօր Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ եթե 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով Արցախն արդեն ճանաչվել է Ադրբեջանի կազմում, ապա հարց դեսպանին՝ Ֆրանսիայի նախագահներ Սարկոզին և Օլանդը 2009 և 2013 թվականներին ինչի՞ մասին էին անում 5 հայտարարությունները։

«Արդեն էլ չեմ ուզում ասել, որ դրանից առաջ Կազանյան փաստաթուղթ է եղել, եղել է CEPA, որտեղ նույն Ֆրանսիայի խորհրդարանը վավերացրել է»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է. «Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս