Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու քվեարկությունը հետաձգվեց

Նախորդ քառօրյայում քննարկված 2008թ. մարտիմեկյան դեպքերի հետ կապված Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հեղինակած որոշման նախագծի շուրջ ԱԺ խմբակցությունների միջև բանակցությունները դեռևս շարունակվում են: Այդ իսկ պատճառով վերջինիս քվեարկությունը հետաձգվեց մինչև հաջորդ քառօրյա նիստեր: Այս մասին հայտարարվեց ԱԺ-ի այսօրվա նիստում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Հիմնական առարկությունները ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունը, որոնց գերակշռող մասի հետ որոշման նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող` ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, համաձայնեց և պատրաստակամություն հայտնեց շարունակել քննարկումները` ընդհանուր համաձայնության գալու ու նախագիծը չվիժեցնելու նպատակով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից վերջինիս քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք պաշտպանում են նախագիծն այն տեսքով, որը ներկայացնում են հեղինակները:

«Կարծում եմ, որ նախագիծը բավականին լուրջ քննարկումների ճանապարհ է անցել նաև նախորդ քառօրյայում: Մեր տեսակետները շատ բարեկիրթ ձևով ներկայացրեց Տաճատ Վարդապետյանը, բայց, չգիտես ինչու, միշտ էլ չարախնդացողներ ենք ունենում»,  -ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, որ «այն թյուր կարծիքը, որ այս ընթացքում անընդհատ խոսակցություն էր գնում, որ Հանրապետականը չի ուզում, դա թվացյալ է»: «Հանրապետականը ոչինչ չունի թաքցնելու և, բնականաբար, քննարկումներն էլ հենց դրանից են բխում»,-ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս