Գան Հայաստան՝ ի՞նչ անեն, անսամբլում 80․000 են ստանում. 3 ամսում կծախսես փողերդ, ու վերջ. Գարեգին Առաքելյան

«Արվեստի մարդիկ իրար նախանձում են ոչ թե բարի, այլ չար նախանձով։ Երբեք համախմբված չեն»,- ասում է գործիքավորող, երաժիշտ, «Գաթա» բենդի համահիմնադիր Գարեգին Առաքելյանը։

Իսկ թե ի՞նչն է նրան մտահոգում, ինչպե՞ս հայտնվեց երաժշտության ոլորտում և համագործակցեց «Գրեմմիի» մրցանակակրի հետ՝ պարզել ենք Գարեգին Առաքելյանի հետ զրույցի ընթացքում։

– Ձեզ նաև անվանում են մարդ-նվագախումբ, քանի որ տիրապետում եք երաժշտական մի քանի գործիքի։ Ես արդեն հաշիվը կորցրել եմ։ Հիմա թվով քանի՞սն են։

Ես էլ չեմ հաշվում, իմաստ չեմ տեսնում, որովհետև նպատակս ոչ թե բոլորին զարմացնելը, այլ տարբեր երաժշտական գործիքներ խառնելով՝ նոր գույներ փնտրելն է։ Սա ուղղակի իմ գործի բնույթն է։

Կարդացեք նաև

Չկա՞ գաղափար, որ այս կերպ հայտնի դառնաք։

Ընդհանրապես նպատակս հայտնի դառնալը չէ։ Ուզում եմ փնտրտուքների արդյունքում հասնել որոշակի ճշմարտության՝ երաժշտության ոլորտում։

– Ժողովրդական ո՞ր գործիքով նվագելն եք դժվարությամբ սովորել։

Դուդուկը։ Շատ դուդուկահար ընկերներ ունեմ, բայց քիչ եմ դիմել նրանց՝ օգնելու համար, որովհետև նպատակս ինքնուրույն սովորելն էր։ Երբ իմ սխալների վրա եմ սովորում՝ դա ամուր հիմք է ինձ համար։ Եվ հետո ինչ-որ մեկի մոտ սովորելը նշանակում է՝ ինչ-որ մեկից ինչ-որ բան վերցրեցիր, իսկ այդ դեպքում քո երաժշտական անհատականությունը կորչում է։

Երբ շեփորով նվագել էի սովորում՝ կոնկրետ ձևեր կան, թե ինչպես պետք է գործիքը բռնել, փչել, ես մի երեք ժամ պարապելուց հետո հաստացած շրթունքներով գնացի տուն, մայրս տեսնելով՝ ասաց, թե՝ մնացել էր շուրթերդ բոտեքս անեիր (ծիծաղում է։- Ա․Կ.):

Ո՞ր գործն եք դժվարությամբ գործիքավորել։

– Այդպիսի գործ չի եղել, որովհետև գործիքավորում եմ կոնկրետ այն երգերը, որոնք ինձ դուր են գալիս։ Երբ երգը դիպչում է հոգուդ՝ արդեն բարդությունները վերանում են, և չկա սխալ, ճիշտ, սոված կամ կուշտ հասկացություն։

Ընդհանրապես հեշտ բան չկա։ Ես չեմ սահմանափակվում ժողովրդական գործիքներով, ուղղակի ժողգործիքներով մեր բազմամյա երաժշտությունը շատ գեղեցիկ է հնչում։ Ես ուզում եմ այդ երաժշտական գործիքներով մի նոր վիճակ ստեղծել, որը հիմք կդառնա հաջորդ սերունդների համար, որ իրենք էլ հետագայում մեկ ուրիշ բան ստեղծեն։

Բացի հայկական ժողովրդական երաժշտությունից, ո՞ր ազգի երաժշտությունն եք հավանում։

– Ցանկացած ազգի ֆոլկ երաժշտություն ինձ համար բարձրագույնն է, որովհետև համաշխարհային երաժշտության բոլոր ճյուղերը սնվել են ազգային, ժողովրդական երաժշտությունից՝ նույնիսկ դասական երաժշտությունը։ Շատ եմ լսում հնդկական ֆոլկ երաժշտություն։

Այդ դեպքում ո՞րն է ամենասիրելի երաժշտական գործիքը։

– Չեմ մտածել դրա մասին։ Բոլորն էլ սիրում եմ։ Օրինակ, նկարիչների մեծ մասը կդժվարանա պատասխանել, թե որ գույնն է սիրում, որովհետև կարող ես կարմիրը սիրել և ինչ-որ բան վրձնել, վաղն էլ ուրիշ գույն ընտրել։

Սովորել եք Ջերմուկի արվեստի դպրոցում, հաճախել դաշնամուրի և վոկալի դասերի, ապա՝ Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության և երգեհոնի բաժնում։ Մեր օրերի երիտասարդներից քչերը կնախընտրեն այդ բաժինը Ձեզ ի՞նչը դրդեց։

Արվեստի դպրոցում սովորելու տարիներին արդեն հստակ որոշում էի կայացրել, որ երաժշտությամբ պետք է զբաղվեմ։ Հիմնականում դասական երաժշտություն էինք նվագում, բայց իրադարձությունների բերումով, դե գիտեք, այն ժամանակ ցուրտ ու մութ տարիներ էին, մեկ ժամով լույս էին տալիս, հեռուստատեսությամբ հնչեց Ջիվանու «Քանքարավոր ընկեր»-ը, հետո՝ Առնո Բաբաջանյանի «Էլեգիա»-ն, ու այդ պահից իմ մեջ ինչ-որ բան արթնացավ դեպի ժողովրդական երաժշտությունը։ Կոնսերվատորիա ընդունվելիս խորհուրդ տվեցին դիմել կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանին։ Քանի որ առաջին կուրսում ժողովրդական երաժշտության հետ կապված մեծ հաջողություններ էի գրանցել. Արզաս Ոսկանյանն ինձ առաջարկեց երգեհոնի բաժինը ևս, քանի որ սեր կար դեպի հոգևոր երաժշտությունը։

– Ձեր դեպքում ժողովրդական երաժշտության հանդեպ սեր արթնացավ հեռուստատեսության շնորհիվ, սակայն հիմա կա նաև Youtube, բայց սեր չի արթնանում: Սա ինչո՞վ է պայմանավորված։

Պարտադիր չէ, որ համատարած սեր արթնանա։ 4-5 հոգու մեջ էլ սեր արթնանա ժողովրդական երաժշտության հանդեպ, ու նրանցից երկուսը շարունակեն՝ արդեն շատ լավ է։ Ինֆորմացիայի շատ լինելը, ազատությունը շատ վատ կողմեր ունեն, որովհետև սխալմամբ կարող է 13-14 տարեկանը մտնել այնտեղ, որտեղ պետք չէ ու հոգեբանական խնդիրներ առաջանան։ Մյուս կողմից էլ՝ ժողովրդական երաժշտություն տարածողների համար է հեշտ, որովհետև կա ազատ հարթակ, կախում չունեն հեռուստաընկերություններից։ Ինձ պարբերաբար ուղարկում են տեսանյութեր, թե ինչպես են երեխաները, ովքեր նոր են սկսել առաջին քայլերն անել, «Տոտիկ»-ի տակ պարում։ Շատ տեղեր հրավիրում են, որ իրենց երեխաներն այդ երգը լսեն։

Զբաղվում եք նաև բանահավաքչությամբ, եղել եք Արևմտյան Հայաստանում, Համշենում։ Համշենահայերը մի քիչ փակ մարդիկ են ինչպե՞ս շփվեցիք, ի՞նչ կարողացաք գրի առնել։

– Մի ամբողջ գիտախումբ էր՝ Նորայր Քարտաշյանի գլխավորությամբ։ Շատ բարի, հյուրասեր մարդիկ են, փակ չեն։ Սովորեցի բարություն, կամեցողություն և հանդարտություն։ Համշենի բնության պես հանդարտ են մարդիկ։ Շատ երգեր զգուշությամբ ու փայփայելով պահում են։ Համագործակցելու ենք, համատեղ նախագծեր ենք ներկայացնելու։ Նշեմ, որ Կարո Չալիկյանը 8000 երգ է հավաքագրել ՀՀ-ում շրջելով։ Նա մերօրյա Կոմիտասն է։

Այս ամբողջ երգերի գործիքավորումը կրկին մենա՞կ եք անում։

– Այո։ Դա մի տեղ է, որտեղ ոչ ոք չի մտնում։

Նրանք, ովքեր ունեն երաժշտական կրթություն կամ երաժշտական ճաշակ ու համակարգչային գիտելիքներ, կարողանում են գործիքավորում կատարել։ Սա վնասո՞ւմ է Ձեր գործին։

– Ոչ, որովհետև ես ունեմ իմ ձեռագիրը, և մարդիկ առանց ձեռագիրն իմանալու՝ չեն գալիս ինձ մոտ։

Ունեք նաև կեղծանուն՝ աշուղ Բինգյոլաշուղները նվագում են, երգում, նաև երգեր են գրում։ Նվագելն ու երգելը գիտենք, իսկ երգեր գրո՞ւմ եք։

– Երկու երգ եմ գրել, մեկը հրապարակել եմ, մյուսը՝ ոչ։ Դա ուղղակի կեղծանուն է։ Ինձ ո՛չ աշուղ, ո՛չ կոմպոզիտոր եմ համարում, ես երաժիշտ եմ։ Իսկ ինչո՞ւ Բինգյոլ, քանի որ աշուղ Շահենի երաժշտության ազդեցությունն ինձ վրա շատ մեծ է եղել, ինքն էլ Բինգյոլի տարածաշրջանից է, դրա համար եմ այդ կեղծանունն ընտրել։

Ասացիք, որ երկու երգ եք գրելկյանքում ընդամենը երկու անգա՞մ եք նեղված եղել ու որոշել եք երգ գրել։

Չէ, ուղղակի շատ զգուշավոր եմ և չեմ կարող տեսնել՝ ինչ-որ բանի նման է, ու հրապարակեմ։ Երբ զգում ես, որ քո ստեղծածը նմանակում է, ինքնավստահության սանդղակներ կան, որոնց դեռ չեմ հասել, ուստի չեմ կարող վերցնել ու հրապարակել։

– Ռեժիսորների հետ համագործակցո՞ւմ եք՝ ֆիլմերի երաժշտությունը գործիքավորելու համար։

– Ամենադժվարն է։ Կա համագործակցություն, սակայն ռեժիսորների հետ խնդիր կա՝ ստեղծագործական, զգացողական։ Ոչ թե ամբիցիաներն են պատճառը, այլ անիմաստ փոփոխություններ են անում այն հատվածներում, որոնց վրա շատ ջանք ես գործադրել ու զգացել ես, որ դա էր հենց այդ կադրին համապատասխան։ Դրա համար շատ չեմ մտնում այդ դաշտ։ Տաժանակիր աշխատանք է։ Երբեմն ստիպված ես լինում շատ լուրջ երաժշտական կտորներ ջնջել, որովհետև դա ոչ ոքի պետք չի գալիս։

Ընդհանրապես, արտասահմանյան ֆիլմերում իրենց ժողովրդական երաժշտությունը հնչում է, իսկ մեզ մոտ գրեթե բացակայում է։ Էլ չեմ խոսում սերիալներում հնչող երաժշտության մասին։

– Թեմայի խնդիր է։ Ներկայիս հայկական սերիալը կենցաղն է ցույց տալիս․ ամուսինը դավաճանել է, կինն ամուսնու եղբոր հետ է, եկավ կնոջը սպանեց, երեխան լաց եղավ․.․։ Ի՞նչ ժողովրդական երգի տեղ է սա։ Վերցնենք ժողովրդական երաժշտությունը՝ էժանացնենք, դնենք նման կադրերի տակ, ավելի վատ հետևանքներ կունենա, քան, եթե ընդհանրապես չլինի։ Թեկուզև սերիալ, բայց գյուղական էսքիզներ, պատմական, փաստավավերագրական ֆիլմ լինի, այդ ժամանակ ժողովրդական երաժշտությունը կարող է հնչել։

– 2017թ «Գրեմմիի» մրցանակակիր Ջոս Սթոունի հետ նկարահանեցիք «Դոնե յար» տեսահոլովակը։ Ինչպե՞ս եղավ համագործակցությունը, ինչո՞ւ էր հետաքրքրել հայկական երաժշտությունն ու ինչո՞ւ ընտրվեց այս երգը։

Ինձ հետ կապ հաստատեցին, ասացին, որ մի քանի երգ առաջարկեմ՝ այդպես էլ արեցի, և իրենք ընտրեցին «Դոնե յար»-ը։ Մեկ օրում ենք նկարահանել տեսահոլովակը։ Իր համաշխարհային տուրն էր, ու որոշել էին ամեն երկրում մեկ երաժշտի ընտրել։ Իր լսարանից շատերը չգիտեին Հայաստանի, հայկական երաժշտության մասին՝ սկսեցին հետաքրքրվել։ Լավ կլիներ, որ Հայաստանում էլ ունենայինք նման մարդիկ, որ այդպիսի հանճարեղ բաներ մտածեին։

Համագործակցությունը շարունակություն չունեցա՞վ։

– Իրենք բազմազբաղ են, մենք՝ ևս։ Ինձ մոտ գալուց ինքն ուշացավ, ես գրեցի, որ երկու ժամ սպասել եմ, էլ չեմ ուզում սպասել։ Տանել չեմ կարողանում նույնիսկ մեկ րոպե ուշանալը։ Լավ է, որ չշարունակվեց։ Թող մեկը, բայց այդպես համով լինի։

– Տեղի երաժիշտներն ինչո՞ւ նման նախագծեր չեն իրականացնում. մտածում են՝ եկամտաբեր չէ՞։

– Ցավոք, շատերն այդպես են մտածում։ Եկեք անկեղծ լինենք մեկս մյուսի հանդեպ․ մենք այսօր արվեստասեր հասարակություն չունենք։ Մեր ժողովուրդը չի մտածում, որ ինքը պետք է լինի արվեստի ամենագլխավոր մեկենասը։ Չեն էլ մտածում, որ արվեստը 3-րդական, 4-րդական բան չէ։ Ամենապարզ օրինակը բերեմ․ տխրության արարողությունն առանց երաժշտության չենք անում, ուրախության արարողությունը՝ նույնպես։

Պետք չէ՝ արվեստագետը մեծահարուստների դռները ծեծի, մի քանի կոպեկ փող գտնի, որ կարողանա գործ անել։ Այնպես որ, պետք է համերգների մասնակցել, որը հաճելի է, գեղեցիկ, ինքնազարգացման համար կարևոր է։ Տոմսի գնի եղածն էլ մի բան չէ։ Մի քիչ ամոթ է՝ Թաթուլ Ալթունյանի համերգներն ենք անում, տոմսերը շատ դժվարությամբ են վաճառվում։ Շատ հարցերում մեղավոր է ոչ թե պետությունը, այլ հասարակությունը։ Պետությունը չի կարող բռնանալ՝ ասելով, որ՝ անպայման համերգներին պետք է ներկա լինեք։ Բայց մենք կարող ենք մեզ համոզել, որ դա ճիշտ է, պետք է։

Եկանք, հասանք դաստիարակության խնդրին ավելի շատ գումար ենք ծախսում սրճարան, ռեստորան գնալու համար, բայց ժողովրդական համերգի տոմսը, որ ավելի մատչելի է, չենք գնում։

Միշտ է այդպես եղել, անգամ սովետական շրջանում։ Մեր ոչ բարով հարևանների երգիչներն այստեղ ստադիոններ են լցրել, իսկ ժողովրդի կողմից ստեղծված արվեստն էլի արհամարհվել է։ Կարծում եմ՝ մեր ունեցածը մի քիչ չենք սիրում, որովհետև հանգիստ ենք, որ այն միշտ լինելու է։ Սակայն մեր քթի տակից վերցնում են արվեստի բարձրարժեք նմուշներ, վերագրվում հարևան ոչ բարով պետություններին՝ որպես իրենց մշակութային արժեք։ Որ հարցնենք՝ ո՞վ է Արամ Խաչատրյանը, մեծ մասը չգիտի։

Երգ ունեք՝ «Օտարություն» վերնագրով, որը վերաբերում է օտար ափերում ապրող հայերին։ Տողերից մեկում հայրենիք վերադառնալու հորդոր կա։ Շատ եք արտերկրում լինում, շփվում մեր հայրենակիցների հետկա՞ հայրենիք վերադառնալու իղձ։

– Մի տխրություն կա՝ թաքնված այդ մարդկանց մեջ։ Ոչ թե ափսոսանք, այլ խղճի խայթ։ Չեմ մեղադրում գնացողներին, չեմ էլ արդարացնում։ Որ խորանում ես՝ շատ լուրջ խնդիրներ են ունենում մարդիկ, որ գնում են․ կա սկզբունքայնության հարց։ Անդրանիկ սարկավագը, օրինակ, պետության հետ խնդիրներ ունի, իր տունն են քանդում։ Ընկած է բյուրոկրատական քաշքշուկի մեջ։ Մարդ է, ում ձեռքերի վրա պետք է տանեին։ Համառորեն մնում է այստեղ, բայց որ վաղը գնա՝ ոչ մի ձև չեմ կարող մեղադրել։

Անցած տարի ԱՄՆ-ում էի, ընկերներիցս մեկն ասաց՝ ուզում եմ ամեն ինչ վաճառեմ, գամ Հայաստան, ասացի՝ այժմյան Հայաստանում երեք ամսում կծախսես փողերդ ու կվերադառնաս քո կոտրած տաշտակին։ Դրա համար ասացի՝ մտածեք այսպես՝ ի՞նչ անեմ այստեղ՝ Հայաստանին օգտակար լինելու համար։ Բոլորը գան Հայաստան՝ ի՞նչ անեն, երբ աշխատատեղերի խնդիր ունենք։ Անսամբլում արտիստներն ամսական 80․000 դրամ են ստանում։ Գան, գործ չունենա՞ն։ Ավելի լավ է՝ այնտեղ աշխատեն, այստեղ օգնեն։

Մի բան էլ կա այնտեղ անում են այն աշխատանքը, որն այստեղ չեն անում։

– Այդպես մի ասեք։ Ես այստեղ պատրաստ եմ ցանկացած աշխատանք անել, եթե պետք լինի։ Այնտեղ էլ է այդպես։ Սակայն այստեղի և այնտեղի նույն աշխատանքը տարբեր է։ Այնտեղ մարդը մարդ է, իսկ այստեղ մարդուն չափում են հագուստով, կատարած աշխատանքով։ Այդպես ասողները, եթե գնահատում են մարդուն, ինչո՞ւ են ծխախոտը հանում ու աղտոտում՝ իմանալով, որ առավոտյան ժամը 6-ին գալու են մաքրեն։ Լոս Անջելեսում անգամ փողոցում չի կարելի ծխել, իսկ այստեղ ի՞նչ է կատարվում։ Հավաքարարին նայում են՝ որպես 3-րդ կարգի մարդու, իսկ այնտեղ կապ չունի՝ ինչ ես անում։ Մենք անընդհատ ինքնահաստատվում ենք իրար նկատմամբ, բայց ոչ՝ թշնամու։

– «Գաթա բենդը» նոր երգ ունի՝ «Միասնությունն ուժ է»։ Ինչո՞ւ մենք միասնական չենք։

Որովհետև նախանձ ենք։ Չենք սիրում, որ հարևանը մի քիչ հաջողակ է։ Արվեստի մարդիկ իրար նախանձում են ոչ թե բարի, այլ չար նախանձով։ Երբեք համախմբված չեն։ Փոխանակ թշնամուն նախանձենք՝ իրար ենք նախանձում, ճանապարհ փակում։ Սովորական բան․ մարդ է՝ սխալվել, մեկ այլ մեքենայի ճանապարհ է փակել․ չեք պատկերացնի ֆանտաստիկ ագրեսիայի պոռթկումը։ Մենք ներել չգիտենք։ Ցավոք, ներում ենք թշնամուն, բայց ոչ իրար։

Տեսանյութեր

Լրահոս