
Թրամփը ԲՐԻԿՍ-ի երկրներին սպառնում է 150% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն դոլարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրներին սպառնացել է 150% մաքսատուրքերով, եթե նրանք թեկուզև հիշատակեն «դոլարը վերացնելու» մասին: Այս մասին Թրամփն ասել է հանրապետական նահանգապետների հետ հանդիպմանը:
«Նրանք (ԲՐԻԿՍ-ը) պատրաստվում էին նոր արժույթ ստեղծել. նրանք, հնարավոր է, ցանկանում էին օգտագործել յուանը…. (ԱՄՆ նախկին նախագահ) Բայդենն ասել է, որ դա բարդ իրավիճակ է…. Առաջին բանը, որ ես ասացի հետևյալն էր՝ ԲՐԻԿՍ-ի ցանկացած երկիր, որը հիշատակի դոլարի վերացման մասին, կենթարկվի 150% մաքսատուրքերով հարկման», – հայտարարել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ին պետք չեն ԲՐԻԿՍ-ի երկրների ապրանքները։«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել նրանց հետ: Վերջին ժամանակներս մենք ոչինչ չենք լսել ԲՐԻԿՍ-ի երկրներից», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել երկրում եկամտահարկից լիակատար հրաժարման։
«Մենք կարող ենք լիովին վերացնել եկամտահարկը: Հնարավոր է՝ մեզ ընդհանրապես անհրաժեշտ չլինի եկամտահարկի համակարգը, երբ այդ ամենը գործի»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ «չկա ոչ մի շանս, որ ԲՐԻԿՍ-ն ամերիկյան դոլարը փոխարինի միջազգային առևտրում», ընդ որում, ցանկացած երկիր, որը կփորձի դա անել, «պետք է ողջունի մաքսատուրքերը և հրաժեշտ տա Ամերիկային»: