
Փաշինյանին չելենջ եմ անում. չփորձես դիմել ընտրակեղծիքների, նման փորձ անելու դեպքում Հայաստանը կանգնելու է հեղափոխական սցենարի առաջ. Սուրեն Սուրենյանց

«Վստահաբար ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններում վերարտադրվելու որևէ շանս չունի, եթե չդիմի կեղծիքների»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով տարբեր հարցումների արդյունքում ՔՊ-ի ցածր վարկանիշի և այդ համատեքստում 2026 թվականին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների մասին։
Քաղաքագետի խոսքով՝ լավ կլինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լսի ժողովրդի ձայնը, ընտրություններում չդիմի կեղծիքների, այդ դեպքում հստակ կերևա՝ նա ժողովրդի կարծիքը լսելով՝ կհեռանա՞, թե՞ կդիմի այլ մեթոդների։
«Նիկոլ Փաշինյանը հիմա կանգնած է շատ բարդ երկընտրանքի առաջ։ Եթե մինչև այս պահն ընտրություններն ակնհայտորեն չեն կեղծվել և հետընտրական փուլում են սկսել այս կամ այն կերպ ընդդիմադիր համայնքապետին պատժել, ապա հիմա հասել ենք այնպիսի փուլի, որ կգնան կեղծիքների։ Այսինքն՝ իշխանությունների վարկանիշն այնպիսի անկում է ապրել, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունում վերարտադրվելու համար կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ դիմել տոտալ կեղծիքների, կա՛մ հաշտվել պարտության հետ։ Ես սա վստահ եմ ասում, որովհետև իրենց վարկանիշը նույնիսկ վարչական ռեսուրսով 20-25 տոկոսը չի գերազանցում՝ ՔՊ-ի իրական վարկանիշը 10-11 տոկոս է»,- հավելեց Սուրեն Սուրենյանցը։
Օգտվելով Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից, թե՝ «եթե ժողովուրդը ցանկանա, ապա ինքը կհեռանա՝ իշխանությունը հանձնելով ժողովրդին, քանի որ նրանից է ստացել», Սուրենյանցը հայտարարեց.
«Կոպիտ ասած՝ Նիկոլ Փաշինյանին չելենջ եմ անում՝ չփորձես դիմել ընտրակեղծիքների, որովհետև համապետական ընտրություններում նման փորձ անելու դեպքում հաստատ Հայաստանը կանգնելու է հեղափոխական սցենարի առաջ, ժողովրդի դժգոհությունն այդքան մեծ է»։
Միաժամանակ քաղաքագետը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես հանգիստ չի հեռանա, քանի որ սեփական աթոռն իր համար անվտանգության միակ երաշխիքն է։
«Ինքը գիտի՝ Հայաստանի ու հայ ժողովրդի առաջ ինչ հանցագործություններ է կատարել։ Չեմ կարծում, ինքն այն տեսակն է, որ կարող է հանգիստ հեռանալ։ Բայց կրկնում եմ՝ ժողովուրդն այս անգամ գնալու է հեղափոխական զարգացումների։ Ցնցումներով որևէ մեկիս իշխանափոխություն պետք չէ, դրա համար իրեն հորդորում եմ՝ չգնա նման քայլի»,- ընդգծեց Սուրեն Սուրենյանցը։