
ԱՄՆ վերաքննիչ դատարանը մերժել է Թրամփի որոշումը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը դադարեցնելու մասին

ԱՄՆ վերաքննիչ դատարանը թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Սան Ֆրանցիսկոյում գտնվող ԱՄՆ 9-րդ շրջանի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել որոշումը, որն արգելում է Թրամփին սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը՝ չնայած Արդարադատության նախարարության հայցին։ Սա նշանակում է, որ հարցը կարող է քննվել ԱՄՆ գերագույն դատարանում։ Ավելի վաղ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը դադարեցնելու մասին Թրամփի հրամանագիրն արգելափակել էին Մերիլենդի, Մասաչուսեթսի և Նյու Հեմփշիրի դատավորները։
Հունվարի 20-ին՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը, Թրամփն ԱՄՆ գործակալություններին հանձնարարել էր հրաժարվել Միացյալ Նահանգներում ծնված երեխաների քաղաքացիությունը ճանաչելուց, եթե նրանց մայրը կամ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական ռեզիդենտ չեն:
Դեմոկրատ նահանգների գլխավոր դատախազները, ներգաղթյալների իրավունքների պաշտպանները և մի շարք այլ կազմակերպություններ հայցեր են ներկայացրել՝ պնդելով, որ Թրամփի կատարողական հրամանը խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը քաղաքացիության վերաբերյալ։Տասնամյակներ շարունակ, համաձայն 1868 թվականի սահմանադրական փոփոխության և դրան նախորդող օրենսդրության, քաղաքացիություն տրամադրվել է ԱՄՆ-ում ծնված յուրաքանչյուրին՝ անկախ նրանց ծնողների ներգաղթի կարգավիճակից:
Թրամփը ձգտում է դադարեցնել ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն այն երեխաներին, որոնց ծնողները կա՛մ փաստաթղթեր չունեն, կա՛մ օրինական կերպով գտնվում են Միացյալ Նահանգներում ժամանակավոր վիզաներով: