
Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի հատվածում վերացվել է ձնահյուսերի վտանգի ռեժիմը և վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն որոշ հատվածներում հատուկ ռեժիմը պահպանվում է: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Ավտոմոբիլային ճանապարհների գերատեսչության հաղորդագրությունը:
Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։
«Ձնահյուսերի վտանգի, ձյան ինտենսիվ տեղումների և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում նախկինի նման պահպանվում է երթևեկության հատուկ ռեժիմը», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսպես, առատ ձյան, մերկասառույցի, ձնահյուսերի վտանգի և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես սահմանափակված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգ-Վերին Լարս» մաքսային անցակետը միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: