
Գերմանիան չի համաձայնվի Ուկրաինայի հարցում պարտադրված խաղաղությանը․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում պարտադրված խաղաղությանը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պարտադրված խաղաղությունը երբեք չի գտնի մեր աջակցությունը», – պնդել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
Կանցլերի խոսքով՝ «Ուկրաինայի փլուզումը խաղաղության չի հանգեցնի»։
Շոլցը կրկնել է, որ «սահմանները չեն կարող փոխվել ուժով»:
«Մենք նույնպես չենք ընդունում այնպիսի լուծում, որը տանում է դեպի եվրոպական և ամերիկյան անվտանգության բաժանում»,- պնդել է կանցլերը։
Նա եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին նույնիսկ հակամարտության ավարտից հետո։