Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է

Այսօր՝ փետրվարի 15-ին, սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության եւ երիտասարդների օրհնության օր, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։

Տոնը շարժական է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։

Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սբ. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը սբ. Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։ Հատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Սբ. Սարգիսի վկայարան» անվանումը։

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728