
Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տեսնես ի՞նչ էին մտածում կամ զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները Մյունհենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին:
Վերջինիս խոսքի հիմքում շատ կառավարությունների` ազատ խոսքը սահմանափակելու, մարդկանց բռնաճնշումների ենթարկելու և ԶԼՄ-ներին ճնշելու մասին էր:
Հայաստանում դա արտահայտվում է ընդդիմախոսներին վարկաբեկելու, շինծու քրեական գործերով ճնշելու, շատերի դեպքում` ազատությունից զրկելու գործողություններով:
Վերջին 4-5 տարիների ընթացքում, իշխանական բռնաճնշումների միջով մեծ թվով գործիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ են անցել, ովքեր իշխանության թիրախ են դարձել գործող ռեժիմին քննադատելու, ճշմարտությունը նրանց դեմքին ասելու, ընտրություններում հաջողություններ գրանցելու և նրանց ազգակործման քաղաքականության դեմ պայքարելու համար:
Շատերի վրա տարիներով քրեական գործեր են կախում` սահմանափակելու ընտրություններում առաջադրվելու, տեղաշարժի և ազատ արտահայտման իրավունքը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ տոտալ այլանդակության հետևանքներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ 20 ամիս կալանքի տակ է` այս պահին տնային կալանքի ձևով:
Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան երկիրը առավել քիչ կորուստներ կկրի»: