![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ-ն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան
Լրագրողների հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում են՝ ո՞րն է լինելու ՀՀ գործողությունը՝ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը պատասխանեց, որ Հայաստանը իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։
Անդրադառնալով ադրբեջանական մեղադրանքներին, թե ինչու է խաղաղության ճանապարհով ընթացքող Հայաստանը շարունակում զինվել, Կոստանյանը նշեց՝ Հայաստանի սուվերեն իրավունքն է։
«ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք։ Ինչ վերաբերում է զինատեսակների մրցավազքին, որին, ըստ էության, ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, և այս առաջարկն ուժի մեջ է մնում»,- ասաց Կոստանյանը։
Նա նշեց, որ խաղաղության համաձայնագրի մասով արդեն բավականին երկար ժամանակ է՝ հայկական կողմը սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին ՀՀ-ի կողմից ներկայացրած առաջարկների վերաբերյալ։
«Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք, որ գործընթացը հնարավոր լինի շարունակել։ Հայաստանը շարունակում է կառուցողականորեն տրամադրված և ներգրավված լինել բանակցություններին»,- նշեց Կոստանյանը։
Նա համաձայն չէ դիտարկումների հետ, թե հայ-ադրբեջանական բանակցությունները հայտնվել են փակուղում։
«Ամեն դեպքում, սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ունեցավ, պայմանավորվածություն կա, որ նոր նիստ պետք է տեղի ունենա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Կոստանյանը պնդեց՝ Հայաստանը, ինչպես նախկինում, շարունակում է կառուցողական տրամադրված լինել ու ներգրավված լինել բանակցություններում։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզվով խոսել ու պահանջներ ներկայացնել՝ Կոստանյանը պատասխանեց, թե նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։
«Հայաստանը չի տրվելու նման սադրանքների, շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել բանակցություններում»,- հավելեց նա։