![](/banners/BeFunky-design.jpg)
Վահրամ Թոքմաջյանին առնչվող կազմակերպությունն այս տարի էլ 16 միլիոն 110.000 դրամով կիրականացնի զարգացման ծրագրերի փորձաքննությունը
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/Vahram-Toqmajyan.jpg)
«Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպությանը տրվող դրամաշնորհները դառնում են ավանդույթ․ Կրթության, Գիտության, Սպորտի և մշակույթի նախարարությունն այս տարեսկզբին էլ է որոշել մի կլորիկ գումար հատկացնել կազմակերպությանը՝ հանրակրթական դպրոցների տնօրենի հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննության իրականացման համար։
«Կրթություն և համերաշխություն» կազմակերպությունը 2019 թվականին ստեղծել և հենց Գյումրու իրենց տան հասցեի վրա է գրանցել պատմաբան, հասարակագետ Վահրամ Թոքմաջյանը։ 2023 թվականից սկսած՝ կազմակերպությունը սկսել է ԿԳՄՍՆ-ից ստանալ դրամաշնորհներ։
Դրամաշնորհի այս տարվա պայմանագիրը, որն էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացվել է այսօր, կնքվել է հունվարի 27-ին։ Պայմանագրի գինը 16 միլիոն 110.000 դրամ է, նախատեսված ծրագրի կատարման ժամկետ է նշվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 19-ը, հաշվետվությունների ներկայացման ժամկետ՝ մինչև դեկտեմբեր 22-ը։
2024 թվականին «Կրթություն և համերաշխությանը» նույն նպատակի համար նախարարությունը տրամադրել էր 16 միլիոն 410.000 դրամ, իսկ 2023 թվականին՝ 7 միլիոն 650.000 դրամ։
Ի դեպ, ինչպես ավելի վաղ նշել էինք, Վահրամ Թոքմաջյանն աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ դասավանդել է Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամին և ուստր Աշոտին։
2018 թվականի թավշյա իրադարձություններից հետո Վահրամ Թոքմաջյանը նաև բավականին ակտիվ խոսում էր «հեղափոխական արժեքների» մասին, իսկ ավելի ուշ արդեն հեղափոխական քայլերով, ինչպես այս կազմակերպությամբ, այնպես էլ՝ 2018 թվականին բացված և նույն հասցեում գրանցված ԱՁ-ով մաս է դարձել պետգնումների։