JOSE ռեստորանային համալիրի մոտ մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 01։00-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց՝ JOSE ռեստորանային համալիրի մոտ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետիոտն, Նորք Մարաշ 11 փողոցի բնակիչ, 60-ամյա Հարություն Փչախչյանին վրաերթի ենթարկելու փաստով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը հետիոտնին, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, վրաերթի ենթարկելուց հետո թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի, իսկ վրաերթի ենթարկված Հ. Փչախչյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի և համայնքային ոստիկանության, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության ու կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում արդեն լուսաբացին կենտրոնական ոստիկանություն է ներկայացել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, սակայն Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող, 30-ամյա Հովհաննես Միսակյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած BMW մակնիշի 85 AT 085 համարանիշի ավտոմեքենայով։