Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձյալ իջեցվեց․ 12-ամսյա գնաճը կազմել է 1%, 2025-ին պահպանվում են տնտեսական աճի դանդաղման ռիսկերը․ ԿԲ նախագահ
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօրվա ասուլիսում տեղեկացրեց, որ ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,75 տոկոս, քանի որ, ըստ նրա՝ Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի երեք տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար։
Ինչ վերաբերում է գնաճի տեմպերին, ապա Գալստյանն ասաց, որ 2024-ի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1,5, 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվում է ցածր մակարդակով՝ կազմելով մեկ տոկոս։
Ըստ նրա՝ համաշխարհային կտրվածքով և ՀՀ-ի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են, գների աճն ընդլայնվել է․
«Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ 2024-ի չորրորդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին, տնտեսական ակտիվության աճին մեծապես նպաստել է ծառայությունների, շինարարության և առևտրի ճյուղի բարձր աճը»։
Մարտին Գալստյանի խոսքով՝ մեծացել է անորոշությունը հարկաբյուջետային քաղաքականության պահանջարկի վրա հավանական ազդեցության ուղղության և չափի շուրջ, ուստի այս անորոշության պայմաններում ԿԲ խորհուրդը գների կայունություն ապահովելու նպատակով քննարկել է մի քանի սցենարներ։
«Մի կողմից խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները՝ այդ թվում համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրի հնարավոր ընդլայնման վերաբերյալ անորոշությունը պահանջում է ավելի կոշտ արձագանք գների կայունության ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Բ տիպի սցենարներ են քննարկվում, որոնք ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի շուկայի սպասումների համեմատ ավելի արագ և մեծ նվազման ուղի միջնաժամկետ հորիզոնում՝ պահպանելով կարգավիճակը և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Երկու ուղղությամբ ռիսկերը համադրելով՝ Խորհուրդը որոշեց շարունակել համաֆինանսավորման տոկոսադրույքների՝ դանդաղ տեմպերով աստիճանական նվազումը»,- մանրամասնեց ԿԲ նախագահը։