Սյունիքը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ

Հայաստանի խոշորագույն հարկատուի՝ արդյունաբերական հսկայի, Սյունիքի ըստ էության տնտեսական և ժողովրդագրական «ողնաշարի» շուրջ անցնող օրերին ստեղծվեց լարված իրավիճակ: Խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է: Աշխատակիցների մի մասի գործադուլի, դրան կոմբինատի տնօրինության ու արհմիության, նաև ոլորտի մասնագիտական կազմակերպությունների արձագանքի մասին արդեն հայտնի է բավականաչափ, չարժե անդրադառնալ վերստին:

Առաջացած լարվածությունն ունի, թերևս, որոշակի առավել խորքային դիտարկման կարիք, հարցի խորքային շերտերն ու մասշտաբը, դրանց նրբությունները հասկանալու համար: Իսկ դա շատ կարևոր է, որովհետև, կրկնեմ, խոսքը Հայաստանի, և հատկապես Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործոնի մասին է: Մի բան է Սյունիքը՝ կայուն աշխատող կոմբինատով, մեկ այլ բան՝ կոմբինատի աշխատանքի խաթարումով կամ ճգնաժամով: Իսկ, թե ինչ է Սյունիքը Հայաստանի համար, և ինչ աշխարհաքաղաքական խաղադրույքներ են կատարվում Սյունիքի վրա, թերևս ավելորդ է լրացուցիչ հիշեցնելը:

Ի դեպ, երևի թե ավելորդ չէ ուշադրության արժանացնել այն, որ կոմբինատի շուրջ լարված իրավիճակը ստեղծվեց, այսպես ասած, «Մեղրու թեմայի» շուրջ մեդիատեղեկատվական աժիոտաժի խթանմանը զուգահեռ: Անշուշտ, չկա որևէ ուղիղ կապակցվածության մասին խոսելու հիմք, բայց ժամանակագրական «ներդաշնակությունն» ուշադրություն գրավում է անկասկած:

Անդրադառնալով, այսպես ասած, բուն նյութին, խնդրո առարկային, անհրաժեշտ է անել մի քանի կարևոր արձանագրում: Զանգեզուրի կոմբինատը, ինչպես բազմիցս նշվել է, հույժ կարևոր նշանակություն ունի Սյունիքի թե սոցիալ-տնտեսական պատկերի, թե սոցիալ-հոգեբանական պատկերի համար: Կոմբինատն այդ իմաստով, բացի զուտ տնտեսական գործունեություն իրականացնելուց, ունի կարևոր առաքելություն մի քանի վերտնտեսական հարցերի առումով:

Կարդացեք նաև

Ընդ  որում, այդ առաքելությունը շատ հաճախ կարող է հակասության մեջ մտնել զուտ տնտեսվարման, կոմերցիոն հարցերի հետ, բայց «վերտնտեսական» առաքելությունը երբեմն գերակայում է դրանց նկատմամբ, որովհետև, ինչպես նշեցի, եթե արձանագրեմ ամփոփ՝ կա Սյունիքի հարցը, իր սոցիալական, սոցիալ-հոգեբանական, ժողովրդագրական բաղադրիչներով:

Օրինակ, աշխարհում մետալուրգիական ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է Rio Tinto ավստրալա-բրիտանական կոնցեռնը: Կոնցեռնը շահագործում է, օրինակ, մետալուրգիական խոշոր հանքավայրերից մեկը, որը Մոնղոլիայում է և կոչվում է Օյու Տոլգոյ: Այդ հանքավայրի շահագործումն իր մասշտաբով մի քանի անգամ գերազանցում է Զանգեզուրի հանքավայրի ծավալները: Բայց խոշորագույն այդ հանքավայրը շահագործող ընկերությունն ունի 2800 աշխատակից, իսկ Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցների թիվն ավելի քան 4500 է:

Այս համեմատությունը պարզապես ցույց է տալիս, թե ինչպես է ԶՄՊԿ դեպքում մշտապես գերակայել ոչ միայն զուտ տնտեսական, այլ նաև սոցիալական, սոցիալ-հոգեբանական ռազմավարական առաքելության բաղադրիչը:

Այլ կերպ ասած, Հայաստանի խոշորագույն ընկերության գործունեության միջավայրը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ ստանդարտ չէ: Ընկերության գործունեությունը զուտ տնտեսական, առևտրային ստանդարտի մեջ պահելու պարագայում, էապես կբարձրանար տնտեսական շահութաբերությունը, բայց կնվազեր սոցիալական, սոցիալ-հոգեբանական էֆեկտիվությունը, ինչից կորցնողը լինելու է Հայաստանի ռազմավարական նշանակության մարզը:

Սրանք հարցեր են, որոնք, անշուշտ, ընկերության աշխատակիցներին չէ, որ պետք է հետաքրքրեն: Նրանց իրավամբ, օբյեկտիվորեն, բնականորեն հետաքրքրում են իրենց աշխատանքային իրավունքները, աշխատանքային պայմանները, վարձատրությունը: Կրկնեմ, այդ մարդկանց հետաքրքրություններն ու պահանջները միանգամայն օբյեկտիվ են, ինչպես ամբողջ աշխարհում:

Խոշորագույն ընկերության գործունեության ոչ ստանդարտ միջավայրի պայմաններում, հարցի վերտնտեսական, ռազմավարական արժեքը պետք է գիտակցվի թերևս պետական բարձր մակարդակով:

Պետության դերն այդ պարագայում չի  կարող լինել միայն  «սպառողական»: Այն պետք է լինի գործընկերային, առավել ևս՝ հենց այն սոցիալական, վերտնտեսական առաքելության ու խնդիրների հարցում, որ Սյունիքում ստանձնել է խոշորագույն ընկերությունը: «Ոչ ստանդարտ» միջավայրում, երբ ընկերությունը չի պարփակվում միայն իր տնտեսական և առևտրային կարիքների տրամաբանության մեջ և ստանձնում է սոցիալական, այսպես ասած, վերտնտեսական առաքելության բեռ, պետական կառավարման խնդիրն է գործընկերային աջակցության կենսունակ մեխանիզմ ապահովելը, անհրաժեշտ դեպքերում այն օպերատիվ գործարկելու և ճգնաժամային իրավիճակներ թույլ չտալու համար: Հակառակ պարագայում, երկարաժամկետ հեռանկարում առաջանում է կայուն զարգացման խափանումների ռիսկ:

Իսկ դրանից չի շահելու թե աշխատակիցը, թե ընկերությունը, թե Սյունիքը, թե Հայաստանն ընդհանրապես:

Եվ դժվար չէ պատկերացնել, թե մեր ռեգիոնում ովքեր  կշահեն այդպիսի իրավիճակից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս