«Քիմիկներին չեն տվել մասունքների եզրակացությունը, գործն ինչպե՞ս է փակվել. մեր ձեռքին ապացույցներ կան, իրենք չեն կարող հերքել». Անահիտ Ադոյան
«Անդրանիկ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասում էր, որ Քննչականում ամեն ինչ արվել է, սակայն Զանգելանի քիմիկներից ոչ մի ծնողի չեն կանչել, որպեսզի ԴՆԹ-ի եզրակացությունը տան, 12 հոգի ունեն ԴՆԹ համընկնում։ Գիտե՞ք՝ ինչու չեն կանչում, որովհետև մեր ձեռքին ապացույցներ կան, որոնք իրենք չեն կարող հերքել, խաբել։ Քիմիկներին չեն տվել մասունքների եզրակացությունը, գործն ինչպե՞ս է փակվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը՝ խոսելով իրենց որդիների ԴՆԹ-ների հետ կապված խնդիրներից։
Ըստ մեր զրուցակցի, ավելի վաղ հանդիպում են ունեցել Առողջապահության փոխնախարարի հետ, այս պահին անունը չի հիշում, հանդիպմանը հրավիրված են եղել նաև Հերացիից մասնագետներ, որոնց մանրամասն ներկայացրել է իրենց մտահոգող խնդիրները։
«Ես ասացի՝ ինքս եմ գնացել փոսը քանդել, ես եմ այդ մարմինները բերել, եկեք ինձ ապացուցեք, որ այդ ԴՆԹ-ները ճիշտ եք տվել, ես ամբողջ մասունքները վերցնեմ, տանեմ հուղարկավորեմ։ Առողջապահության փոխնախարարն ինձ ասաց, որ մեկ շաբաթ ժամանակ տամ իրեն, անպայման կկազմակերպի, ես կկարողանամ մտնել լաբորատորիա, և, եթե որևէ սխալ լինի, ինքը դիմում կգրի ու աշխատանքից կազատվի։ Հենց այդ ժամանակ էլ նրան ասացի, որ կարող ես այս պահին էլ ազատման դիմում գրել, որովհետև ամբողջը խաբեություն է։ Առ այսօր, ես սպասում եմ՝ արդեն 6-7 ամիս, ես սպասում եմ, որ ինձ լաբորատորիայից կկանչեն։
Երբ մենք մասունքները բերեցինք, ես բոլոր 4 դիահերձարաններով անցել եմ, բոլոր փաստաթղթերն ինձ մոտ կոդերով ունեմ, բայց ինձ հետ չեն գալիս ապացուցելու, որ ես սխալ եմ։ Երբ ինչ-որ ծնողի ասում են՝ ահա, սա է քո երեխայի մասունքները, այդ ծնողը որևէ բան չի կարողանում ասել, որովհետև չգիտի՝ իր երեխան որտեղ է եղել, ինչ հանգամանքներում։ Բայց հո ես գիտե՞մ, ես գիտեմ, որ այդքանն եմ բերել, իրենք վախենում են ինձ հետ հանդիպելուց»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հիմա իշխանությունը տեսնում է, որ անհետ կորածների որոշ ծնողներ պասիվ են, չեն մտածում, ասում են. «Դե ինչ անենք, համակերպվել, ապրում են»։
«Այստեղ են ասում՝ մի գիժ քարը գլորում է ձորը, 10 խելոք չի կարողանում հանի, մի հոգու համար բոլորին նույն արշինով են չափում։ Որքան էլ ես միայնակ պայքարեմ, չեմ կարող, համատարած պետք է ոտքի կանգնեն։ Քաղաքապետ կոչվածի հայրը «Օփելի» վարորդներին ասում էր՝ «համբալ», իմ Վարդանի մեքենան հիմա որ կա, «Օփել» է, բա հիմա չգնա՞մ՝ ասեմ՝ այ ոչխար, համբալն ո՞վ է։
Տեսնո՞ւմ եք, ինչ էլ անում են, ազգին քիչ է։ Բայց միևնույն է՝ միայնակ պայքարելու եմ, քիմիկների գործն այսպես չեմ թողնի, երբեք։ Իմ երկու ոտքը մի կոշիկի մեջ է, ես մինչև վերջ պնդելու եմ ասածս, իմ տղերքը պիտի գան, ով նրանց հետ բերի, լինի Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը, իմ համար Աստված է լինելու։
Դեռ 2020 թվականին եմ ասել, որ «Եռաբլուրն» իրար է խառնվելու, քանի որ այնտեղ շատ մարդիկ իրենց անուններով ու մասունքներով չեն հուղարկավորված։ Արտաշիրմում եղել է, ինձ ասում էին՝ 3 արտաշիրմում է եղել, իմ հրապարակումները կան, բա իրենց արածները որտե՞ղ են։ Այսօր «Հերացի»-ում բերանը բացեն՝ իրեն կվերացնեն, Քննչական ու ԱԱԾ-ն բացեցին, իրենց կվերացնեն»,- շեշտեց նա։
Տիկին Անահիտը նաև հարց է բարձրացնում՝ բա 21-րդ դարում անհետ կորե՞լ է լինում, մի՞թե հնարավոր չէ պարզել իրենց տղաների ճակատագիրը։