«Դա ուղղակի կործանարար է. հողատուների իշխանությունը հերոս է հռչակում հարկատուին». Վիտալի Մանգասարյան
Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն այն կարծիքին է, որ ԵՄ դիտորդների ներկայության պարագայում էլ ադրբեջանական կողմը, եթե որոշում ունենա որոշակի գործողություններ իրականացնելու, չի նայելու դիտորդների ներկայությանը, ինչի փորձն արդեն եղել է:
«Բայց բնական է, որ անհանգստացնում է թշնամուն դիտորդների ներկայությունը, որովհետև որոշակի տեղեկատվության հավաքագրման գործառույթ են իրականացնում: Ուղղակի այս համատեքստում պետք է ֆիքսենք, որ մինչ այժմ մենք նրանց կողմից հրապարակային որևէ վերլուծություն չենք տեսել՝ ինչ են արձանագրել, երբ են արձանագրել, սադրանքների ընթացքում ադրբեջանական կողմն ինչ զինատեսակներ է օգտագործել, ինչ խախտումներ է արել, և այլն: Պետք է նաև ֆիքսել, որ ոչ միայն Ադրբեջանին է անհանգստացնում դիտորդների առկայությունը, այլև՝ Իրանին: Այստեղ աշխատելու շատ մեծ տեղ ունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ նրա՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանին վերջնականապես պոկի ռուսական կողմից, Հայաստանի հարաբերությունները լարվեն նաև Իրանի հետ, և ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ երբ Ադրբեջանը դիմի որոշ գործողությունների, ոչ ոք չխառնվի:
«Այստեղ շատ կարևոր նրբություն կա՝ կապված հատկապես Իրանի հետ: Իրանը պարբերաբար ասում է, որ Սյունիքն իրենց համար կարմիր գիծ է. իմ համոզմամբ, դա մեր իշխանություններին է վերաբերում: Ադրբեջանի նպատակները բոլորին հայտնի են, Իրանը մտահոգություն ունի, որ մենք մեր կարմիր գծերը հերթական անգամ կարող ենք փոխել:
Նրանք կասկածներ ունեն, որ հայկական կողմն ինչ-ինչ իրավիճակից ելնելով՝ կարող է իր կարմիր գիծը փոխել: Դրա համար իրենց անվտանգության խորհրդի քարտուղարը գնաց Բաքու, եկավ Հայաստան, հետո նորից նման հայտարարություն արեց: Գնում-գալիս են, որ հասկանան՝ արդյո՞ք Հայաստանն իր կարմիր գծերից հետ կկանգնի, որովհետև այդ պարագայում Իրանն այստեղ ոչինչ չի կարողանա անել: Կարևոր է հասկանալ, որ եթե մենք ենք նման իրավիճակ ստեղծում, ապա ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանն այստեղ ոչինչ չեն կարողանա անել: Ադրբեջանն այս իրավիճակում ավելի հեշտ կպայքարի նույն Իրանի և Ռուսաստանի դեմ և իր շահերն առաջ կտանի»,- ընդգծեց նա:
Վիտալի Մանգասարյանը նկատեց՝ նման մարտահրավերների ֆոնին Հայաստանի իշխանությունների համար հերոս է հարկատուն. «Հողատուների իշխանությունը հերոս է հռչակում հարկատուին: Ստացվում է՝ այն արժեհամակարգը, որ կրում ենք, իշխանությունների գլխավորությամբ, պրոյեկտվում է մեր Զինուժի վրա: Ո՞նց կարելի է բանակը առաջին տեղում չդասակարգել: Իրենք ավելի արժեվորում են հարկատուին, այլ ոչ թե մեր զինվորին: Այս դիսկուրսի ներքո բնական է, չէ՞, որ մեսիջը հասնում է առաջնագիծ: Ասենք՝ ես դիրքում կանգնած եմ, տարիներ շարունակ ես ինձ առաջին տեղում եմ զգացել, ու մեկ էլ պարզվում է, որ ինչ-որ խանութի աշխատող է առաջին տեղում, որը հարկ է վճարում: Դա ուղղակի վիրավորական և կործանարար է: Այս մոտեցմամբ ուզում ենք խնդիրներ լուծել: Բնական է, որ չենք կարողանա: Ամբողջ աշխարհում զինված ուժերն առաջնային պլանում են: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Իրանի ղեկավարը հայտարարի՝ մեզ համար առաջնայինը հարկատուն է, ի՞նչ զինված ուժեր: Այս ամենը կործանարար հետևանքներ է ունենալու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում