Հիմա հասկանում եմ, թե ՍԴ-ն Անկախության հռչակագրի սահմանադրական արժեքը ոչնչացնելու մասին որոշման մեջ ինչու անդրադարձավ նաև Ցեղասպանությանը. Արթուր Ղամբարյանի բացահայտումը

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- օրեր առաջ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության իրողությունն առհասարակ:

Հասարակական-քաղաքական ամենատարբեր շրջանակներ, պատմաբաններ ծանրագույն քննադատության ենթարկեցին Փաշինյանի այս խոսույթը՝ դա համարելով Թուրքիայի հերթական պահանջի կատարում։

Այսօր Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը հիշեցրել էր իր՝ ամիսներ առաջ՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումից հետո, 168.am-ին տված իր հարցազրույցի՝ Ցեղասպանությանը վերաբերելի հատվածը ու գրառում կատարել:

«Հիմա հասկանում եմ, թե ՀՀ սահմանադրական դատարանն Անկախության հռչակագրի սահմանադրական արժեքը ոչնչացնելու մասին որոշման մեջ ինչու անդրադարձավ նաև Ցեղասպանությանը:

Կարդացեք նաև

Դրանով նա հաղթահարեց պաշտոնատար անձանց կողմից Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու արգելքի մասին 2010 թվականի ՍԴ հայտնի որոշումը և հնարավորություն տվեց ներկայիս իշխանությանն խոսել բացահայտ և ուղիղ»,- գրել էր Արթուր Ղամբարյանը:

Հարցազրույցի այդ հատվածում՝ դեռևս 2024թ. հոկտեմբերի 19-ին, Արթուր Ղամբարյանն իր տարակուսանքն էր հայտնել ՍԴ որոշման մեջ Ցեղասպանության հարցին անդրադարձի վերաբերյալ:

«2010թ. ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, ըստ որի՝ ՀՀ-ում որևէ օրենսդիր, գործադիր, իրավակիրառ ու իրավաստեղծ որևէ մարմին իրավասու չէ իրավաբանորեն կասկածի տակ դնել Ցեղասպանության պահանջատիրության հարցը, համաձայն՝ Անկախության հռչակագրի 11-րդ կետի: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ՍԴ-ն անդրադարձավ այդ կետին. Դա էլ հո տարածքների հետ կապված չէ՞ր: Արցախի կետին անդրադարձաք, ասում էիք՝ տարածքների հետ է կապված: Բա դա տարածքների հե՞տ էր կապված, որ դուք այդ կետին անդրադարձաք»,- ասել էր Արթուր Ղամբարյանը:

Ըստ նրա՝ ՍԴ-ն ասել է՝ 2010թ. այդ կետի հետ դոկտրինալ հակասություններ չունեն, պարզապես մենք հիմա ասում ենք, որ Ցեղասպանության պահանջատիրությունը քաղաքակրթական պահանջ է:

«Եվ ամենակարևորը, ինչը քչերն են նկատել, դա բխեցնում են ոչ թե Անկախության հռչակագրից, այլ նախաբանից, որտեղ խոսվում է համամարդկային արժեքների գաղափարի մասին: Դուք հասկանում եք, չէ՞, իրավաբանական ու քաղաքակրթական պահանջների տարբերությունը: Քաղաքակրթական պահանջը մոտավորապես բարոյական պահանջի նման երևույթ է: Իսկ մեր ՍԴ-ն 2010թ. ուղիղ ասել է, որ սա իրավաբանական պահանջ է՝ ուղղված պետական իշխանությանն առ այն, որ որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնել Ցեղասպանության հարցը»,- ասել էր Արթուր Ղամբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս