
Թրամփ-Փաշինյան հանդիպում փետրվարին նախատեսված չէ այս պահի դրությամբ. դա կրոնական միջոցառում է. Սուրեն Սարգսյան
«Որքանով ինձ է հայտնի, այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում ամերիկյան կողմը դեռևս չունի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի առաջիկա այցին ԱՄՆ։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին վերջինս հանդես կգա ելույթով:
Խոսելով Փաշինյանի օրակարգի մասին, Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ չէ նման միջոցառում կազմակերպվում, սա ավանդական միջոցառում է, որին մասնակցում են առնվազն տասնյակ երկրների ղեկավարներ, նախագահի անունից ճաշ է տրվում բոլորին, ինչը կարող է լինել Սպիտակ տանը կամ այլ վայրում, եթե միջոցառումը մեծ է։
«Որքանով ինձ է հայտնի, այս պահին հանդիպում, որպես այդպիսին, նախատեսված չէ։ Չեմ բացառում, որ ինչ-որ բան փորձեն նախատեսել կամ ինչ-որ կարճ հանդիպում տեղի ունենա։ Համենայնդեպս, որքանով ինձ է հայտնի, այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում ամերիկյան կողմը դեռևս չունի»,- ասաց միջազգայնագետը։
Սարգսյանը գտնում է, որ հայկական կողմը կփորձի հանդիպում կազմակերպել։ «Իսկ թե որքանով դա կստացվի, ցույց կտա ժամանակը։ Սա պարբերաբար տեղի ունեցող միջոցառում է, սրան նախկինում ՀՀ ԱԳ նախարարներն են մասնակցել կամ այլ պաշտոնյաներ։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա հստակ կրոնական միջոցառում է, աղոթքներով լի տարբեր միջոցառումներ են լինելու, և ՀՀ-ն ներկայացնելու է ՀՀ վարչապետը, որը եկեղեցու հետ շատ լարված հարաբերություններ ունի, ինչը շատ կարևոր առանձնահատկություն է»,- պարզաբանեց Սուրեն Սարգսյանը։