
Պետքարտուղար Ռուբիոյի առաջին զանգը Թուրքիա․ ի՞նչ են քննարկել Հարավային Կովկասի մասին Ռուբիոն ու Ֆիդանը

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 21-ին, ստանձնելով պաշտոնը, հեռախոսազրույցների շարք է սկսել իր գործընկերների հետ։
Հինգշաբթի օրը Ռուբիոն, ով հայտնի է իր հակաթուրքական դիրքորոշումներով ու ելույթներով և ում թեկնածությունն այդ պաշտոնում մտահոգել էր Անկարային, առաջին անգամ այս պաշտոնում հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասին, Ռուբիոն ու Ֆիդանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությունը։
Ռուբիոն ու Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններին։ Ռուբիոն վերահաստատել է այդ հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և ընդհանուր շահերը տարածաշրջանում։ Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայում ներառական անցման անհրաժեշտությունը՝ երաշխավորելով, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր։ Թուրքական կողմը հեռախոսազրույցի մասին դեռ չի հաղորդում։
TURAN գործակալությունը հայտնում է, որ Թրամփի վարչակազմն այս շաբաթ սկսել է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլը՝ կենտրոնանալով երկկողմ և տարածաշրջանային խնդիրների վրա, ներառյալ՝ Հարավային Կովկասում խաղաղությունը։ Ինչպես հաղորդում է TURAN-ի թղթակիցը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալն այսօր կհանդիպի Լուի Բոնոյի հետ, ով նախկինում կովկասյան բանակցությունների գծով Բայդենի վարչակազմի խորհրդականն էր։ Թրամփի վարչակազմը նրան առաջադրել է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավարի պաշտոնում։
Անկարայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալա Կալլասի հետ մամուլի ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զգայուն հարցերը չհարգելը հանգեցրել է անվտանգության ճգնաժամի երկկողմ հարաբերություններում։
«Չնայած դրան՝ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Դոնալդ Թրամփի վարչակազմից մեր ակնկալիքն այն է, որ այն կվերացնի նախկին վարչակազմից մնացած խնդիրները, հատկապես՝ CAATSA-ի պատժամիջոցները»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թրամփն իր արտաքին քաղաքականությունը մի շարք ուղղություններով սկսել է հակասական հայտարարություններով՝ դեռևս պահպանելով առեղծվածն ու ինտրիգը։
Ըստ վերլուծաբանի, նման մեկնաբանությունների տեղիք են տալիս նրա հայտարարությունները ռուսական կողմի հետ բանակցության հնարավորությունների մասին։
«Մեկ հայտարարվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել, որից հետո էլ պատժամիջոցների սպառնալիքներ են արվում, դրանից հետո էլ այլ հայտարարություններ են արվում, թեև, կարծում եմ, որ իրականում կա բանակցելու պատրաստակամություն։ Սակայն այս վարչակարգի դեպքում պետք է պատրաստ լինել նաև նման հայտարարություններ լսել և դրանց էական արձագանքներ չտալ։ Բանակցելու պատրաստակամության հետ մեկտեղ՝ Թրամփը փորձելու է ցույց տալ իր վճռականությունը։ Սա ընդհանուր առմամբ նշանակում է, որ բանակցություններ կլինեն, սակայն դրանք հեշտ չեն լինելու»,- ասաց Տարասովը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին և Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույցին, ապա վերլուծաբանը գտնում է, որ այս ռեգիոնի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակարգի քաղաքականությունը պայմանավորելու են ԱՄՆ հարաբերություններն Իրանի, Իսրայելի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ։
«Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանի, հատկապես Իրանի հետ հարաբերությունները կարծես բարդ են լինելու, Թրամփի խորհրդականներն Իրանի հարցում քաղաքականության և ճնշումների տարբեր սցենարներ են մշակում, Իրանում էլ պատրաստվում են այդ սցենարներին։ Ինչ վերաբերում է մասնավորապես Թուրքիային, ապա ԱՄՆ-ը փորձելու է համագործակցել Թուրքիայի հետ, ավելի լավ հարաբերություններ կհաստատվեն, քան Բայդենի օրոք, ինչը կանդրադառնա Թուրքիայի դերակատարության վրա, որի փոխարեն ԱՄՆ-ը Թուրքիայից ակնկալելու է ԱՄՆ-ի հետ համագործակցության է՛լ ավելի բարձր մակարդակ Ռուսաստանի ու Իրանի դեմ։
Դատելով Ֆիդանի հայտարարություններից՝ Թուրքիան իր հերթին ԱՄՆ-ից պահանջում է հարգել իր անվտանգային խնդիրները, և այստեղ քրդական հարցն առանձին թեմա է դառնալու սիրիական հակամարտության համատեքստում։ Ես հակված չեմ կարծել, որ սա էականորեն տարբեր քաղաքականություն է լինելու Բայդենի վարած քաղաքականությունից, պարզապես որոշ նյուանսներ են տարբեր լինելու»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը։
Իսկ առաջին հեռախոսազրույցը, նրա որակմամբ, կրում է սիմվոլիկ բնույթ։ «Նման զանգերը տևում են կարճ, երկար բանակցություններ չեն ծավալվում, պարզապես կողմերը որոշ կարևոր ուղղություններով իրենց քաղաքականությունն են ներկայացնում։ Նման զանգի ժամանակ Հարավային Կովկասի մասին հիշատակումը, կարծում եմ, կարևոր հանգամանք է այն տեսանկյունից, որ Ռուբիոյի Պետքարտուղարությունը ևս գուցե ակտիվ աշխատի ռեգիոնում։
Ի վերջո, ԱՄՆ-ը, թեկուզ նախկին վարչակարգի օրոք, նոր փաստաթուղթ ստորագրեց Երևանի հետ, կարծում եմ՝ այս վարչակազմը գուցե ակտիվ չզարգացնի այս օրակարգը, բայց դրանից հետ չի կանգնի»,- նկատեց նա։