ՀՀ պաշտպանական քաղաքականությունը՝ զիջումների ու անորոշությունների խաչմերուկում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ամփոփիչ ասուլիսին տված պատասխաններն ու վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերն առավել ամրապնդում են այն մտավախությունները, որ ներկայումս Հայաստանի պաշտպանության ու անվտանգային ոլորտներում առկա է խճճվածություն, իսկ որոշումների կայացման հարցում իշխող քաղաքական ուժը հաճախ առաջնորդվում է ոչ թե ռազմավարական հաշվարկներով, այլ՝ քաղաքական կոնյունկտուրայով։

Հայաստանի զինված ուժերն այսօր կանգնած են լրջագույն մարտահրավերի առաջ։ Ադրբեջանը շարունակում է կյանքի կոչել իր ագրեսիվ ռազմավարությունը, զավթում է Հայաստանի Հանրապետության տարածքները, ամրապնդում իր դիրքերը սահմանամերձ շրջաններում և ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանը շարունակում է վերահսկել Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառ/կմ-ն։ Չնայած այս ակնհայտ սպառնալիքի՝ ՀՀ գործող իշխանությունը որևէ գործուն քայլ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, ավելին՝ ինքն իրեն հանգստացնում է այն փաստով, թե հակառակորդի որևէ զորաշարժ իրենց տեսանելի չէ։ Բավական է հիշել 2022թ. սեպտեմբերյան դեպքերը, երբ Ադրբեջանի հարձակման արդյունքում կարճ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ-ն ունեցավ ավելի քան 200 զոհ, իսկ Ադրբեջանը՝ դիրքային զգալի առաջխաղացում։ Փոխարենը, իշխանության ներկայացուցիչներն առավոտից երեկո գործի են դնում «խաղաղության պայմանագիր» կոչվող քարոզչամեքենան՝ փորձելով հայ հասարակությանը համոզել, որ թշնամին ևս ձգտում է խաղաղության, ու ոչինչ, որ ադրբեջանական զորքերի ետքաշման պայմանը չի էլ քննարկվում։

Մեծ հարցականի տակ է, թե ինչ վիճակում են հայկական սահմանային դիրքերն ու պաշտպանական կառույցները։ Սրան գումարենք այս կամ այն տարածքի համար չկռվելու մասին Փաշինյանի հայտարարությունները, որոնք ինքնին ազդակ են, որ իրենց մարտական պարտավորությունները կատարելու դեպքում տարբեր զինվորականներ կարող են հետագայում ենթարկվել պատասխանատվության։

Մինչ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը շարունակում է առաջ քաշել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը և այլ պահանջներ, հայկական կողմն այդ սպառնալիքներին արձագանքում է խուսափողական հռետորաբանությամբ։

«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Իսկ ՀՀ-ն, ես՝ որպես ՊՆ նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ»,- ասել է Պապիկյանը։

Ինչի՞ մասին է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այս անորոշ պատասխանը։ Մի՞թե մինչ այդ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիաների և տարատեսակ էսկալացիաների համար հիմնավոր հիմքեր էին եղել։ Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ այդ «հիմքերը» հեշտությամբ կարող են հորինվել։ Բավական է միայն հիշատակել «բնապահպանների» ակցիան Լաչինի միջանցքում, որն ավարտվեց Արցախի բլոկադայով, այնուհետև Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայով և Արցախի հայաթափությամբ։

Մտահոգիչ է նաև, որ նախարարը սահմանային անվտանգությունն ապահովելու հույսը դրել է բալանսավորված քաղաքականության վրա, սակայն այդ հարցում էլ գործող իշխանությունն իրական ու շոշափելի հաջողություններ չի արձանագրում։ Հայաստանը զիջում է իր դիրքերն արտաքին քաղաքական դաշտում։ Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն օրեցօր ավելի են լարվում, ինչին միայն նպաստում է Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու թեմայի շուրջ կազմակերպվող հակառուսական արշավը, որը, ինչպես պարզվեց, ամբողջությամբ անհիմն էր։ Պապիկյանն իր ասուլիսում անզգուշություն ունեցավ բացահայտելու, որ փաստորեն կան պայմանագրեր, որոնք ՌԴ-ի կողմից պատշաճ կատարվում են։ Այսինքն՝ չնայած պատերազմի մեջ ներքաշված լինելու փաստին՝ ՌԴ-ն մեծ մասով շարունակել է կատարել ՀՀ-ին զենքի մատակարարման հարցում իր պարտավորությունները, ուշացումների պարագայում՝ վճարել պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները։

Փաշինյանի ու մնացած ՔՊ-ականների բարձրացրած ամբողջ աղմուկը վերաբերում էր ընդամենը մեկ պայմանագրի, որն էլ բանակցությունների միջոցով կարգավորվել է։ Սակայն բավական է մի փոքր ուշադիր հետևել հայկական լրահոսին՝ տեսնելու համար, թե ինչ ծավալի շահարկումներ եղան այս թեմայով Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար։ Մյուս կողմից, ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման փորձերն իրենցից լուրջ ռեսուրսային աջակցություն չեն ապահովում։ Սուրեն Պապիկյանն ինքն էլ հաստատեց, որ ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը սպառազինության մասին չէ ու չի բերելու էական փոփոխությունների։ Սա կարծես սառը ջուր էր այն ոգևորության վրա, որը փորձում էին տարածել իշխանության որոշ շրջանակներ։ Տպավորություն է, որ Հայաստանի ներկա կառավարիչները երկիրը միտումնավոր տանում են մեկուսացման՝ շուրջբոլորը ստեղծելով անվստահելի ու անկայուն գործընկերոջ իմիջ։

Արցախի կորստից հետո և ադրբեջանական մշտական ճնշումների ֆոնին, Հայաստանի պաշտպանունակությունը ոչ միայն չի վերականգնվում, այլև շարունակում է թուլանալ։ Անվտանգային համակարգի թուլացումը, ռազմավարական դաշնակիցների նկատմամբ երկակի և անորոշ քաղաքականությունը, ինչպես նաև զինված ուժերի կառավարման ներքին խնդիրները միայն ավելի ու ավելի են խորացնում այդ վակուումը։

Տեսանյութեր

Լրահոս