Բաժիններ՝

Ինչպե՞ս Երևանի բյուջեն ավելացնել 725 միլիոնով

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն խնդրին, որ Երևան քաղաքի բյուջեն փոքր է, հնարավորությունները՝ սուղ, հետևաբար և` քիչ հնարավոր է այդ գումարով լուրջ նախագծեր ակնկալել քաղաքային իշխանություններից։

Երևանի տարեկան բյուջեն շուրջ 63 միլիարդ դրամ է (160 միլիոն դոլար) և մեկ երևանցու հաշվով` այդ ցուցանիշով գրավում ենք վերջին տեղերն աշխարհի մայրաքաղաքների շարքում։ Գրել էինք նաև, որ բյուջեի եկամուտները մեծացնելու հնարավորություններն իրականում մեծ չեն, որովհետև ՀՀ հարկային քաղաքականությունն այնպիսին է, որ հարկային եկամուտների մեծ մասը գնում է ոչ թե քաղաքի, այլ` կենտրոնական բյուջե։

Այնուամենայնիվ, կան աննկատ մնացած որոշ հնարավորություններ, որոնք կարող են քիչ թե շատ հարստացնել մայրաքաղաքի գանձարանը։ Դրանցից մեկը, պայմանականորեն, կարելի է անվանել «զբոսաշրջիկների հարկ»։

Դրա էությունը հետևյալն է. Երևան քաղաքի հյուրանոցներում կամ հոսթելներում հանգրվանած զբոսաշրջիկները վճարում են հյուրանոցի համար գնի որոշակի տոկոս (ասենք` 5-10%) կամ ֆիքսված գումար՝ որպես հարկ, որը գնում է քաղաքային բյուջե (հարկատեսակը չի տարածվում անհատ մարդկանց տներում հանգրվանած զբոսաշրջիկների վրա)։ Նշենք, որ սա որևէ նոր, օրիգինալ լուծում չէ։ Եվրոպական խոշոր քաղաքներից շատերը վաղուց կիրառում են այս մոդելը (Հռոմ, Ֆլորենցիա, Բարսելոնա և այլն)։

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Բեռլինի քաղաքային իշխանությունները նույնպես որոշում են ընդունել 5%-անոց հարկ սահմանել զբոսաշրջիկների համար, որը վճարվելու է անմիջապես հյուրանոցում։ Ռուսաստանում նույնպես այս հարկատեսակը գործել է 1991-2004 թվականների ընթացքում, հետո վերացվել է։ Սակայն վերջին շրջանում ՌԴ որոշ շրջաններ (օրինակ՝ Սանկտ Պետերբուրգը կամ Ստավրոպոլի երկրամասի քաղաքները) ցանկանում են կրկին կիրառել այս մեխանիզմը։ 2011 թվականին այս գաղափարը հավանության է արժանացել նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևի կողմից, սակայն հարկատեսակը դեռևս չի ներմուծվել։

Ի՞նչ օգուտ կստանա Երևանը, եթե այստեղ նույնպես ներմուծվի «զբոսաշրջիկների հարկ»։ Կոնկրետ հաշվարկներ կատարելը դժվար է, սակայն առկա եղած տվյալներով կարելի է գոնե մոտավոր պատկեր ստանալ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա ընթացքում Հայաստան է ժամանել 843.330 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11.3%-ով։ Վերջերս կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զբոսաշրջիկների ընդամենը 10%-ն է հանգրվանում հյուրանոցներում։ Մնացածը նախընտրում են բնակարան վարձել կամ հանգրվանում են բարեկամների և ընկերների տներում։
Սակայն կան ավելի կոնկրետ տվյալներ, որոնք վերաբերում են բուն Երևանին և հենց հյուրանոցներում հանգրվանած մարդկանց։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2011 թվականին հանրապետության հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից վաճառվել է 556.900 ննջասենյակ/օր, որից 340.500-ը` Երևանում։

2012 թվականի համար այս ցուցանիշը հայտնի չէ։ Սակայն, եթե հիմնվենք զբոսաշրջիկների ընդհանուր թվի 11.3% աճի վրա, ապա կարելի է ենթադրել, որ Երևանում նախորդ տարի հյուրանոցները և հոսթելները վաճառել են շուրջ 380 հազար ննջասենյակ/օր։

Երևանում հյուրանոցի ոչ լյուքս, սովորական համարի միջին գինը կազմում է շուրջ
38.000 դրամ (գները տատանվում են` օրական 10.000 դրամանոց հոսթելներից` մինչև 117 հազար դրամանոց հյուրանոցային համարներ)։ Նշենք, որ այդ գինը ոչ թե «օդից է վերցված», այլ ստացվել է հյուրանոցների ամրագրմամբ զբաղվող Booking.com կայքի տվյալների միջինացման արդյունքում։

Ստացվում է, որ Երևանի հյուրանոցներն ու հոսթելներն իրենց հաճախորդներից ստանում են տարվա կտրվածքով մոտավորապես 14.5 միլիարդ դրամ։ Այդ գումարի 5%-ը կազմում է 725 միլիոն դրամ կամ 1.75 միլիոն դոլար։
Այսինքն՝ Երևանի բյուջեն կարելի է ավելացնել տարեկան 725 միլիոն դրամով՝ առանց երևանցիներին լրացուցիչ ծախսի տակ գցելու։ Հյուրանոցների ներքին մրցակցությունը դրանից չի խախտվի, քանի որ հարկատեսակը կտարածվի բոլորի վրա։
Ինչ վերաբերում է դրա ազդեցությանը զբոսաշրջիկների հոսքի վրա, ապա այն չնչին է։ Ի վերջո, Հայաստան գալու մտադրություն ունեցող մարդու որոշման վրա որևէ ազդեցություն չի լինի, եթե հյուրանոցի համարի գինը 100 դոլարի փոխարեն` դառնա 105 դոլար։

Իսկ գումարը կարելի է ծախսել խիստ նպատակային։ Օրինակ` կարելի է այն հավաքել արտաբյուջետային հաշվի վրա և ուղղել զբոսաշրջության զարգացմանը։ Օրինակ՝ պատշաճ ներկայացնել Երևանն աշխարհին։ Ի վերջո, Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրում նույնպես որպես հիմնախնդիր` ներկայացված է PR գործոնի պակասն ու Երևանի բրենդինգի բացակայությունը։ Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի Երևանի բյուջեով մշակույթի ոլորտին (գրադարաններ, թանգարաններ, մշակույթի տներ, հուշարձաններ և այլն) հատկացված է ընդամենը 396.7 միլիոն դրամ։

Իսկ լրացուցիչ 725 միլիոնով կարելի է լուրջ փոփոխություններ կատարել։ Ի վերջո՝ զբոսաշրջիկին առաջին հերթին պետք է գրավել մշակույթով։ Այսինքն` զբոսաշրջիկներից ստացած գումարը դնելով զբոսաշրջության վրա` ստեղծվում է մուլտիպլիկատիվ էֆեկտ, և գործընթացի ճիշտ կառավարումը կարող է լուրջ արդյունքների բերել։

Իհարկե, վերը նշվածը քաղաքի գլոբալ խնդիրները չի լուծի, բայց քայլ է, որը կարելի է անել։ Անկախ նրանից` քաղաքական որ ուժը հաղթանակ կտանի Երևանի ավագանու ընտրություններում։

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս