Իրանի համար Ռուսաստանի հետ մեծ համաձայնագիրը նաև հարավկովկասյան հարցերը լուծելու միջոց է․ իրանցի վերլուծաբան
«Իրան-Ռուսաստան Համապարփակ գործընկերության նոր համաձայնագիրը երկկողմ հարաբերություններում լուրջ հանգրվան է, որը կանդրադառնա կողմերի միջև բոլոր ռեգիոններում փոխգործակցության որակի վրա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Պուտին-Փեզեշքիան նոր համաձայնագրի ստորագրման փաստին։
Նշենք, որ այսօր Կրեմլում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում Պուտինն ու Փեզեշքիանը ոչ միայն բանակցություններ ունեցան, այլև ստորագրեցին երկար ժամանակ բանակցվող Համապարփակ գործընկերության համաձայնագիրը, որը կփոխարինի 2001 թվականի հնացած պայմանագրին, բարձրացնելով Մոսկվա-Թեհրան հարաբերությունների մակարդակը։
Օրերս Փեզեշքիանը հայտարարել էր, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն իր վարչակազմի առաջնահերթություններից է, նշելով, որ Թեհրանն ու Մոսկվան գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության և անվտանգության հարցերի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեն։ Իր հերթին՝ ռուս պաշտոնյաները հայտարարել են, թե փաստաթուղթն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ. «Այս համաձայնագիրն ունի կառուցողական բնույթ՝ ամրապնդել Ռուսաստանի ու Իրանի կարողություններն աշխարհի տարբեր մասերում»։
Բարզեգարն ասաց, որ Իրանն ու Ռուսաստանը ներկայումս բանակցությունների բավականին լայն օրակարգ ունեն։ Հարցերը, նրա խոսքով, վերաբերում են ինչպես երկկողմ հարաբերություններին, դրանք խորացնելու ցանկությանը, այլև այն միջավայրին, որում գործում են Ռուսաստանն ու Իրանը։ Նրա խոսքով, թեև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը համագործակցության բազմաթիվ նոր ոլորտներ ու ընդլայնում է ենթադրում, այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, որը շեշտեց այս այցին ընդառաջ՝ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին, խոսելով բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին։
«Ներկայումս Ռուսաստանի ու Իրանի համար կարևոր է համագործակցությունն ինչպես երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով, որը նրանք կարևորում են աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների կոնտեքստում։ Բացի այդ, կարևոր է, թե ինչպես կշարունակեն Իրանն ու Ռուսաստանը համագործակցությունը Մերձավոր Արևելքում, ապա Հարավային Կովկասում և տնտեսական-տրանսպորտային նախագծերի շուրջ։ Համատեղ ուժերով պատժամիջոցների հետևանքներին դիմակայելու հնարավորություններ ևս Մոսկվան ու Թեհրանը դիտարկում են»,- ասաց Բարզեգարը։
Նրա որակմամբ, կողմերի միջև նման փաստաթղթի համաձայնեցումը վաղուց հասունացած էր։
«Ակնհայտորեն, դա հնարավոր դարձավ աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև Արևմուտքի քաղաքականության հետևանքով։ Թրամփի վարչակարգի նոր քաղաքականությանն ընդառաջ կարևոր է, որ Թեհրանն ու Մոսկվան էլ ավելի սերտ համագործակցություն հաստատեն։ Դժվար է թերագնահատել այս հարաբերությունների կարևորությունը կողմերի համար ներկայումս, հատկապես՝ Իրանի համար»,- ասաց նա։
Խոսելով Հարավային Կովկասում Մոսկվա-Թեհրան համագործակցության այս նոր որակի ազդեցությունից, վերլուծաբանն ասաց, որ սա Հարավային Կովկասի վրա միայն կայունացնող ազդեցություն է ունենալու։
Բարզեգարն ասաց, որ ներկայումս Իրանի համար հարավկովկասյան ռեգիոնում առկա խնդիրներն ու տարաձայնությունները՝ մասնավորապես տրանսպորտային, առաջին պլանում են։ Նրա կարծիքով, Ռուսաստանի հետ համագործակցությունը Իրանի համար միջոց է հարավկովկասյան խնդիրներում ավելի հեշտ կոնսենսուսի հասնելու ճանապարհին։
«Ուստի այս համաձայնագիրն Իրանի համար ունի բացառիկ նշանակություն։ Բացի այդ, Արևմուտքն անընդհատ մեծացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում, սա ևս մարտահրավեր է Իրանի համար։ Այդ հարցում ՌԴ-ն ու Իրանը նույնական դիրքորոշումներ ունեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց, որ տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը։
«Ես և մեր գերագույն առաջնորդը ևս կարծում ենք, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով»,- ասաց Իրանի նախագահը։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և համապարփակ բնույթ են կրում։
Իրանական կողմը մտադիր է շարունակել սերտ երկխոսությունը։