Հայաստանը պետք է ամեն ինչ անի Մինսկի խումբը չլուծարելու համար. դա դեմ է Հայաստանի շահերին. Հակոբ Բադալյան

«Կոնֆլիկտ չի կարող լինել 2 պարագայում՝ եթե Հայաստանն ամբողջությամբ ընդունի ու կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, և եթե լինի հավասարակշռված մոտեցում»- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը (ՄԽ) լուծարելը նշանակում է հիմա կորցնել կարևոր կռվան։

«Վերջին տասնամյակում Մինսկի խումբը, ըստ էության, չէր էլ աշխատում, որովհետև նրա անդամները հայտնվել էին աշխարհաքաղաքական թշնամիների կարգավիճակում։ Մինսկի խումբը պահել-չպահելու կամ ձևաչափի հարցը կլուծեն Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։ Համանախագահները այն համարում են ժամանակավրեպ ձևաչափ, բայց դա չի նշանակում, որ դա պետք է փոխի Հայաստանի պատկերացումները ՄԽ նկատմամբ»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:

Վերջինս նկատեց՝ Մինսկի խմբի առաքելությունը խաղաղ կարգավորումն էր, և երբ 2018թ․ ապրիլին Սերժ Սարգսյանը Խորհրդարանում ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ռազմական ճանապարհով հարցը լուծելու մտադրությունից, նշանակում է, որ ՄԽ-ն ձախողել է։

Կարդացեք նաև

»Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է առավելագույնն անի Մինսկի խումբը չլուծարելու համար։ Մինսկի խմբի լուծարումը դեմ է Հայաստանի շահերին»,-ասաց Հակոբ Բադալյանը։

Անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ դրա առանցքային փաստաթղթերից մեկը 2015թ․ կնքված ներդրումային համաձայնագիրն էր։

«Ո՞ւր են ամերիկյան ներդրումները։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր, որ ԱՄՆ մոտիվները փոխվում են. ԱՄՆ-ը թիվ մեկ գերտերությունն էր, ու պետք էր աշխատել նրա հետ։ Պատահական չէ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան»,-եզրափակեց Հակոբ Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս