ԲՀԿ–ական ակտիվիստները որոշել են ընտրություններում գումար աշխատել՝ ցուցակում «մեռյալ» հոգիներին ներառելով. մամուլ
««Ժողովուրդը» տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս տհաճ իրավիճակում է հայտնվել։ Նա պարզել է, որ ԲՀԿ-ի կողմից «վերաբերմունքի արժանի» մարդկանց համար նախապատրաստված ընտրացուցակներում բազմաթիվ «մեռյալ հոգիներ» կան։ Ասել է թե՝ ԲՀԿ–ական ակտիվիստները որոշել են ընտրություններում գումար աշխատել՝ ցուցակում «մեռյալ» հոգիներին ներառելով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխաևյանից։ «Ընտրական ցուցակները, որոնք պատրաստվում են պետական աշխատավարձ ստացող պատասխանատու կառույցների կողմից, հեռու են կատարյալ լինելուց։ Այդ մասին մենք շատ ենք խոսել։ Եվ, բնականաբար, պետք է աշխատանքներ տարվեն՝ ընտրողների ցուցակների հետ կապված։ Այդտեղ կարող են լինել անճշտություններ, որովհետև ահռելի թվով տվյալների հետ աշխատելիս են լինում։ Բայց որ ԲՀԿ ակտիվիստների մեջ միտումնավոր թյուր ինֆորմացիա պատրաստողներ կարող են լինեն, ես բացառում եմ»,- նշեց ԲՀԿ մամլո խոսնակը»: