Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք ևս կռեաբիլիտացվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում հաստատեց Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ այն ուժի մեկ կմտնի 2026 թվականից:
«Այս ծրագիրն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբականան և սոցիալական աջակցության տրամադրմանը, առողջության վերականգնմանը, վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով վերջինիս կողմից կրկին բռնություն գործադրելու կանխարգելմանը»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ օրենքը նպաստելու է ընտանեկան բռնության զոհերի անվտանգությանը, ընտանեկան, կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնման ռիսկը:
Ծրագիրը ՀՀ-ում իրականացվելու է առաջին անգամ: Ծրագրի թիրախային շահառուներն են լինելու ընտանեկան կամ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանությունը կայացրել է նախազգուշացում, անձինք, որոնց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում:
«Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ բռնությունը կիրառվում է առաջին անգամ, և չկա հիմնարար ենթադրություն, որ բռնությունը կկրկնվի: Իսկ պաշտպանական որոշումը բացառապես դատարանի հիմքով կայացված որոշում է, և բռնության ենթարկված անձին բռնարարքից հեռու պահելու համար կազմակերպությունը կամ անձը կարող է պաշտպանական որոշման համար դիմել դատարան կամ խնամակալության հոգաբարձության մարմին, և այդ դեպքում ռեաբիլիտացիան կհամարվի պարտադիր»,- ասաց նա:
Ըստ ՆԳՆ-ի՝ 2023 թվականին տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024-ին՝ 574 նախազգուշացում: Ըստ դատական դեպարտամենտի տվյալների՝ 2023-ին կայացվել է 14 պաշտպանական որոշում, իսկ 2024-ի 6 ամիսներին՝ 13 պաշտպանական որոշում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նախկինում ծրագրեր կային ընտանեկան կամ կենցաղային բռնության ենթարկված անձանց համար, հիմա լրացվում է շղթան նաև բռնություն գործադրած անձանց համար:
«Ծրագրի նպատակն է նաև կրթության կամ հոգեբանական կամ այլ գործիքների միջոցով կանխարգելել հետագայում նման վարքագիծը և դեպքերի կրկնությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նման համակարգերի ներդրմամբ կարևոր, խորքային, սոցիալ-հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում երկրում և հանրության շրջանում: