Բաժիններ՝

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքմանը հաջորդել են ավիահարվածներ Գազայում. Reuters-ի աղբյուրներ

Իսրայելը ինտենսիվ հարվածներ է հասցրել Գազայի հատվածին հրադադարի և պատանդների վերադարձի մասին համաձայնության մասին հայտարարությունից հետո։ Այս մասին Reuters-ին հայտնել են պաղեստինյան անկլավի բնակիչները և իշխանությունները։ 

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի մասին հաղորդվել է հունվարի 15-ին։ Հրադադարի համաձայնագրի կնքման համար միջնորդ են հանդիսացել Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն։

Համաձայնագիրը պետք է վերջ դնի 15 ամիս տևած ռազմական գործողություններին. նախնական հրադադարը նախատեսում է 6 շաբաթվա ընթացքում Գազայի հատվածից իսրայելական զորքերի աստիճանաբար դուրսբերում, ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների փոխանակում Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների հետ։ 

Դոհայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կատարի վարչապետ Շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է հրադադարի երեք փուլերը. առաջին փուլի ընթացքում պետք է լինի լիարժեք հրադադար, իսրայելական ուժերը պետք է դուրս գան Գազայի բնակելի հատվածներից, պետք է ազատ արձակվի պատանդների մի մասը, այդ թվում՝ ամերիկացիները, կանայք և տարեցները։ Պաղեստինցի քաղաքացիական անձինք կկարողանան վերադառնալ իրենց բնակության վայրեր, իսկ հումանիտար օգնության մատակարարումը կավելանա։

Երկրորդ փուլի ընթացքում պետք է լինի պատերազմի լիարժեք դադարեցում, պետք է պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակվեն ողջ մնացած մյուս պատանդները, իսրայելական ուժերը պետք է դուրս գան Գազայի հատվածից, իսկ ժամանակավոր հրադադարը պետք է դառնա մշտական։Երրորդ փուլի ընթացքում, ըստ Բայդենի, պետք է ներկայացվի Գազայում խոշոր վերակառուցում իրականացնելու պլանը, զոհված պատանդների մարմինները պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներին։ 

Բայդենը շեշտել է, որ հրադադարի նախագիծը մշակել և դրա շուրջ բանակցել է իր թիմը, իսկ դրա իրագործումը կիրականացնի ԱՄՆ նոր վարչակազմը։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին իրեն է վերագրել հրադադարի համաձայնագրի կնքումը։ «Հրադադարի այս էպիկական համաձայնագիրը կարող էր տեղի ունենալ միայն նոյեմբերին մեր պատմական հաղթանակի արդյունքում, քանի որ այն ազդարարեց ողջ աշխարհին, որ իմ վարչակազմը խաղաղության կձգտի և կբանակցի գործարքների շուրջ՝ ապահովելու բոլոր ամերիկացիների և մեր դաշնակիցների անվտանգությունը», – գրել է նա իր Truth Social սոցիալական հարթակում։ 

Մերձավոր Արևելքում իրադրությունը սրվել էր 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ։ Նրանց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 46 600-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս