Գերմանիան արգելել է թուրքական «Դուբայ շոկոլադի» ներկրումը
Վերջին շրջանում աշխարհում մեծ աղմուկ հանած Դուբայի շոկոլադը սկսել է արտադրվել բազմաթիվ երկրներում։ Դրանից անմասն չի մնացել նաև Թուրքիան։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայում արտադրվող Դուբայի շոկոլադը հիմնականում նախընտրում են հատկապես արտասահմանցիները, քանի որ այն ավելի մատչելի է։ Արտահանվող երկրների ցանկում էր ներառված նաև Գերմանիան, որը վերջերս արգելք է դրել այդ շոկոլադի ներկրման վրա։
Գերմանիայի Քյոլն քաղաքի դատարանը որոշում է կայացրել արգելել թուրքական ապրանքանիշների կողմից արտադրվող Դուբայի շոկոլադի ներկրումը։
Պատճառաբանության մեջ մասնավորապես նշվում է, որ այն մոլորեցնում է սպառողներին։ Մատնանշվում է, որ երբ սպառողը տեսնում է «Դուբայ շոկոլադ» արտահայտությունը, մտածում է, որ ապրանքը պատրաստված է Դուբայում ու դա մոլորեցնում է նրան։
Թուրքիայում արտադրված շոկոլադներն արտահանվում էին «Alyan handmade Dubai chocolate» պիտակով և ըստ դատարանի կայացրած վճռի՝ միայն «արտադրված է Թուրքիայում» պիտակը բավարար չէ։