Արժանապատվության ու ամոթի շքերթը կսկսվի ամսի 17-ից, երբ Բաքվում մեկնարկի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն կերպ իր վրայից մաքրել կապիտուլյանտ հողատուի և ձախողված կառավարչի պիտակը։ Բայց ինչպես իրավացիորեն նշել է Արմեն Աշոտյանը՝ ոչ մի ժավել այդ պիտակը չի կարող մաքրել, որովհետև դա արդեն պատմական փաստ է»,- այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թերի գնահատականները պատմական փաստերին ցույց են տալիս, որ նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում։ Նա կարողանում է իրեն համեմատել Պապ թագավորի հետ, քանի որ հայտարարում էր, թե «Պապ թագավորի սպանություն չի լինելու», այսինքն՝ ինքը համարում է որ ինքը Պապ թագավորն է, և իրեն սպանելուց հետո Հայաստանն ավարտվելու է, առանց իմանալու, որ Պապ թագավորի սպանությունից հետո Արշակունիների թագավորությունը շարունակվեց ևս 50 տարի։
«Հիմա նա ակադեմիական մի հատոր է կարդացել ու հասկացել, որ այդ հատորները գրվել են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ պատմական Հայաստանի տեսանկյունից, սա ցնդաբանություն է։ Մարդիկ հազարավոր հատորներ կարդացել են ու այդ հատորը գրել են, իսկ Նիկոլը մի հատոր կարդացել է ու որոշել է, որ պետք է կոչվի ոչ թե Հայոց, այլ Հայաստանի պատմություն։ Այս մարդը մարտահրավեր է նետում Խորենացուց մինչև Ակադեմիա, մինչև Միքայել Չամչյան։
Ալիևի ասած պատմական Հայաստանն ու Ալիևի ասած «Ֆաշիստական Հայաստանը» նույն բանն են։ Պարզապես Ալիևն այդ Հայաստանին անվանում է Ֆաշիստական և նկատի ունի այն Հայաստանը, որը 30 տարի եղել է, որը հաղթել է Ալիևին, որի գաղափարական հիմքերը ղարաբաղյան շարժումն է, Անկախության հռչակագիրն է, Լեռնային Ղարաբաղն է ու Արևմտյան Հայաստանի ու Արարատ լեռան մասին հղումն է»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր ասածները տգիտություն են Արևմտյան Հայաստանի վերաբերյալ, քանի որ Արևմտյան Հայաստանն առաջացել է 387 թվականին։ Նույնիսկ Ցեղասպանության դատապարտման միջազգային փաստաթղթերում «Արևմտյան Հայաստան» տերմինը կա։ Արևմտյան Հայաստանը քաղաքական, պատմագիտական, աշխարհագրական եզրույթ է:
Ինչ վերաբերում է հնարավոր խաղաղությանը, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է կապիտուլյացիայի, ոչ թե խաղաղության։
«Դժբախտաբար, մինչև այսօր իրենք պասերով են խաղում։ Ալիևի շանտաժը, սպառնալիքն օժանդակելու է Փաշինյանին՝ վախի մթնոլորտ սերմանելու ժողովրդի մեջ, որպեսզի կոտրի ժողովրդի դիմադրությունը։ ինչպես անցնող տարում 4 գյուղերը հանձնեց, ասելով, որ եթե չհանձնի, ապա պատերազմ կսկսվի։ Նման կերպ խաղաղություն չի լինում, ասեք՝ հնազանդեցում, կապիտուլյացիա, ամեն ձև ասեք, բայց ոչ խաղաղություն։
Երեկ տեքստ է գրում, ասում է՝ դիմելու է ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու, հայ ժողովուրդն իր ամենավատ երազում նույնիսկ նման բան չէր տեսնի։
Սա արժանապատվության վերջնական անկում է, իսկ ամոթի մեջ հես ա կթաղվենք ամսի 17-ից սկսած, երբ Բաքվում սկսվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Այդ ժամանակ տեսնեմ այս տաշի-տուշի անողների մեջ մի քիչ թասիբ կա՞, թե՞ չէ»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում