Դատական իշխանության գործունեությունից է կախված հասարակության, քաղաքացիների կողմից պետության նկատմամբ վերաբերմունքը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով:
«Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին:
«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:
«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:
Այս երկու տեքստերում բյուրեղացած են մեր արդարադատության համակարգի առանցքային սկզբունքները:
Դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից և մեր պետականության հիմնասյուներից է:
Նրա անկախությունն ու արդյունավետությունը ժողովրդավարական հասարակության կայացման առանցքային նախապայմաններից են:
Մեր երկրում իրավական պետության կառուցման ճանապարհին դատական համակարգի դերը դժվար է գերագնահատել: Եվ դա է պատճառը նաև, որ դատական իշխանության գործունեությունից է կախված հասարակության, քաղաքացիների կողմից պետության նկատմամբ վերաբերմունքը: Այս առումով շատ կարևոր է դատական համակարգի թափանցիկությունը, արդարադատության մատչելիության ապահովումը, հանրության վստահությունը: Վերը նշվածների ուղղությամբ այսօր հսկայական անելիքներ կան, որոնց էլ միտված պետք է լինեն դատական համակարգում իրականացվող բարեփոխումները:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական պահանջ է, այլև ժողովրդավարության բնական երաշխիքներից մեկը: Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով:
Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դատավորներին և դատական համակարգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց աշխատանքի համար: Ձեր ամենօրյա ջանքերը նպաստում են մեր երկրում օրենքի գերակայության ամրապնդմանը և արդարադատության իրականացմանը:
Վստահ եմ, որ միասնական ձգտումով մենք կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները և ստեղծել այնպիսի դատական համակարգ, որը կլինի անկախ, արդյունավետ և կվայելի հասարակության լիակատար վստահությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատական իշխանության օրվա առթիվ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում»: