Բաժիններ՝

Մեծ եղեռնի անմար կրակը` ռեպի «ցկցկոցների» ներքո (տեսահոլովակ)

Երեկվանից համացանցում և հեռուստատեսությամբ լայնորեն շրջանառության մեջ է դրվել մի տեսահոլովակ` «Կյանք 1500000» անվանումով` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին: Այն արդեն հասցրել են դիտել տասնյակ-հազարավոր հայեր, ովքեր ամեն տարի ապրիլի 24-ին հիշում են հայոց մեծ վիշտը, ինչպես ասում են` փորձելով անմար պահել հայոց պահանջատիրության կրակը:

Մի կողմ թողնենք այն հարցը, որ մենք միշտ հիշում ենք Ցեղասպանության մասին՝ գրեթե միայն խորհրդանշական համարվող ապրիլի 24-ին, և գնալով հեռանում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից պետական մակարդակով կատարված հանցագործության դատապարտման պահանջատիրությունից (ի դեպ, սա շեշտվում է ամեն անգամ ապրիլի 24-ին), քանի որ ոչ պակաս կարևոր են նաև այն մոտեցումները, ձևերը և դրսևորումները, թե ինչպե՞ս ենք մենք ցույց տալիս հարգանքը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հանդեպ: Իսկ այդ քննարկմանը մասնավորապես համացանցում նպաստեց վերոնշյալ տեսահոլովակը, որը զերծ չէ պետական հովանավորությունից:

Խնդիրն, իհարկե, չափազանց նուրբ է, քանի որ խոսքը գնում է հայոց պատմության ամենաարյունոտ էջերի, ավելի քան 1,5 մլն հայերի տարհանման և բնաջնջման մասին, ինչն, իրականում՝ ոչ միայն ազգային, այլև համամարդկային հարց է, քանի որ կանխելով և դատապարտելով ցեղասպանությունները, պետություններն այդպիսով կանխում են նման հանցագործությունները նաև այլ ազգերի և ժողովուրդների նկատմամբ: Եվ այս առումով` այն, ինչի ականատես դարձավ հայ հանդիսատեսը, մեղմ ասած, ոչ միանշանակ արձագանք ստացավ հասարակության շրջանում:

Ոմանք նույնիսկ այն որակեցին որպես «խայտառակություն»՝ մատնանշելով, որ երգում զոհերի մասին երգում են «ռեպ» ոճով, կամ դրան մասնակցել են «Հալալի», «Զուլալի» կամ «Վիպոյանի» հումորային կերպարների դերակատարները, իսկ մյուսներն էլ, ընդհակառակը, հուզվում էին դրանից` խոստովանելով, որ երգն իրենց պարզապես «լացացրել է»: Բոլոր տեսակետներն էլ, իհարկե, գոյության իրավունք ունեն, սակայն հայ մարդու կողմից նման երևույթի նկատմամբ բացասական վերաբերմունքը, կարծում եմ, միանգամայն հասկանալի է:

Կարդացեք նաև

Իհարկե, համոզված եմ, որ տվյալ նախաձեռնությանը մասնակցած և ժողովրդի շրջանում բավական ճանաչված դերասանները, երգիչները և այլք` դրան մասնակցելով, դա արել են ամենայն անկեղծությամբ և նվիրվածությամբ` համոզված լինելով, որ իրենք էլ անմար կպահեն Ցեղասպանության զոհերի հիշատակը: Սակայն, մյուս կողմից, պետք է փաստենք, որ նախաձեռնության մասնակիցների ճնշող մեծամասնությունը, այսպես ասած, հայկական շոու-բիզնեսի ականավոր դեմքերն են, այսինքն՝ մարդիկ, ովքեր իրենց գործունեության մեջ գլխավոր խնդիրն են դնում ոչ թե արվեստը, բարձր արժեքները, հասարակությանը մնայուն արժեքներ քարոզելը, այլ պարզապես բիզնես հետաքրքրությունը և ֆինանսական շահը և երգի, հումորի կամ, ասենք, սերիալում նկարահանվելու միջոցով շահույթ ստանալը, իսկ նրանցից շատերին նույն հայ մարդը տեսնում է ոչ այնքան բարոյական ընկալվող և նույնպես բիզնես շահերի մասին մտածող իշխանությունների քարոզչական միջոցառումներին:

Իսկ սա արդեն կարող է քաղաքացու մոտ առաջացնել կեղծիքի տպավորություն` ճիշտ այնպես, ինչպես նույն իշխանությունների կողմից Ցեղասպանության ճանաչման կամ, օրինակ, ժողովրդավարության մասին ձևականորեն խոսելը: Ի վերջո, ո՞րն է այդ ճանաչման գլխավոր բարոյական չափանիշը և ամենակարևոր նախապայմանը, եթե ոչ՝ արդարությունը: Իսկ այդ արդարությունը հայ մարդը չի տեսնում սեփական երկրում: Չենք ուզում հատկապես քաղաքական թոհուբոհի այս շրջանում անդրադառնալ տարբեր ընդդիմադիրների և հասարակական գործիչների կողմից այդքան շատ հնչող տեսակետին` «ցեղասպանությունն այժմ կատարվում է Հայաստանի ներսում», քանի որ այսօր հայաթափվում է նաև պատմական Հայաստանի այս հողատարածքը (ի դեպ, անդրադառնալով Հայաստանի արտագաղթի ահագնացող չափերին` այդ մասին մի քանի տարի առաջ խոսեց նույնիսկ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը` Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայի զավակը), սակայն, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք: Սա ևս մեկ այլ խնդիր է և հասարակության պառակտվածության հետևանքը, սակայն կրկին այլ քննարկման թեմա է:

Իհարկե, երգի հեղինակը կարող է ասել, որ ռեպի տարրեր մտցնելով` փորձել է դրան ժամանակի շունչ հաղորդել, և այլն, սակայն, թերևս այս դեպքում, երբ խոսքը գնում է ազգային հարցի և ողբերգության մասին, մոդեռնիզացման գործիքները կիրառելիս՝ երևի թե պետք է մի փոքր ավելի զգույշ լինել և հնարավորինս հավատարիմ մնալ պահպանողականությանը: Ցեղասպանության հարցն արդիական պահելը՝ ոչ թե դրա մասին ռեպ գրելը, այլ՝ արդարության, արդարադատության և պահանջատիրության գաղափարները բարձրաձայնելը և դրանց հետամուտ լինելն է:

Թերևս, պետք չէ լացել կամ «լացացնել», այլ պարզապես պետք է պայքարել արդարության համար, այդ պայքարն, առաջին հերթին, տանել սեփական երկրում և հիշել, որ այսօր ապրիլի 24-ն է` Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս