Փաշիկ Ալավերդյանը պարզաբանել է` ինչու են ԱԱ-ին մասնակցել քիչ պատրաստված մարզիկներ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պարզաբանեց, թե ինչու են Բահրեյնում կայացած ծանրամարտի աշխարհի 89-րդ առաջնությանը մասնակցել ոչ այնքան լավ պատրաստված և վնասվածք ունեցող մարզիկներ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նշենք, որ Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ Եվրոպայի չեմպիոն, 109 կգ քաշային կարգում հանդես եկողԳարիկԿարապետյանը վնասվածք էր ստացել։ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ մինչ այդ ստացած վնասվածքի պատճառով չէր մասնակցել առաջնությանը։
«Գարիկ Կարապետյանի առողջական վիճակը շատ լավ է, խնդիր չկա։ Կտեսնեք, թե Եվրոպայի առաջնությանը ոնց կմասնակցի։ Գարիկն ԱԱ–ին լավ էր պատրաստված, ուսը որ չվնասվեր` առաջին տեղը կգրավեր»,– մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ալավերդյանը։
Խոսելով այն մասին, որ նախնական տվյալներով` ծանրամարտի ԱԱ–ին պետք է մասնակցեր 10 մարզիկ, բայց արդյունքում Մանամա մեկնեցին 9 հոգով, Ալավերդյանը դժգոհեց Սիմոն Մարտիրոսյանից։
«Ես ուզում էի այս առաջնությանն այդ 10 հոգանոց թիմով մասնակցել, քանի որ նրանք 2023 թվականի չեմպիոն թիմն են։ Առաջին հերթին, ռուսերեն ասած, ինձ «подножка» տվեց Սիմոն Մարտիրոսյանը։ Վերջին օրով եկավ ու ասաց՝ ես չեմ գալիս, մեջքս ցավում է։ Տոմսն էլ չէինք կարող վերադարձնել, գումարած մասնակցության համար արված վճարումը, որը 3000 դոլար էր»,– ասաց մարզիչը։
Անդրադառնալով Ալեքսանդրա Գրիգորյանին` Փաշիկ Ալավերդյանը նշեց` ապագայում մեր օլիմպիական խաղերի լավագույն մասնակիցը պետք է լինի, հնարավոր է` նույնիսկ մեդալներ կարողանա վաստակի։ Մարզիչը շեշտեց` նա աղջիկներից ամենամոտն է իր այդ հայտարարությանը, քան մյուսները, չնայած ընդգծեց, որ Էմմա Պողոսյանն էլ է հավակնում, քանի որ շատ է աշխատում իր վրա ու մարտական ոգի ունի։
Հիշեցնենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ծանրամարտի ԱԱ–ն մեկնարկել էր դեկտեմբերի 6-ին և ավարտվել 15-ին։
Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում ներկայացրել է 11 մարզիկ, որոնց թվում 9 տղամարդ է, 2 կին։ Նրանք են Գարիկ Չոլակյանը (61 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) Վարազդատ Լալայանը (109 +), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։