6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի:
Պետական գնումների օրենքի՝ «մեկ անձ» ընթացակարգի տրամաբանությունը հետեւյալն է, օրինակ.
եղել է ջրհեղեղ, եւ նավակներ ձեռք բերելու համար չկա մրցույթ անցկացնելու բավարար ժամանակ, հետեւաբար գնումը իրականացվում է հրատապ` «մեկ անձ»-ից։
Շուկայում չկա նման ապրանք, այլ կազմակերպություն (օրինակ գազ, ջուր, այլ), հետեւաբար գնումը իրականացվում է «մեկ անձ»-ից։
Սակայն Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելը ամենեւին արտակարգ իրավիճակ չէր, այլ նախապես պլանավորված գործողություն. անգամ 7 մլն դրամից ավելի ավիատոմսի համար վճարելու ճոխությունը եղել է նախապես պլանավորված:
Տիգրան Ավինյանի՝ Լոս Անջելեսի գերթանկարժեք ավիատոմսը կարող էին ձեռք բերել շուկայի մի քանի տասնյակ ավիատոմսեր վաճառող կազմակերպություններից. ավելին՝ դրա համար կար առնվազն վեց օր, բաց չեն արել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու որոշման` 15.11.2024 եւ ավիատոմսի ձեռքբերման` 21.11.2024 միջակայքում (լուսանկար 1, 2) 6 օր Ավինյանը ոչինչ չի արել, եւ քաղաքապետարանը, խախտելով մրցակցային սկզբունքը, թանկարժեք տոմս է գնել քաղաքապետի համար:
Եվ ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի:
Ինչո՞ւ, որովհետեւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ս/թ նոյեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 21-ը քաղաքապետ Ավինյանը արձակել է գնումների հանձնաժողովներ ձեւավորելու տասնյակ կարգադրություններ, սակայն, չգիտես ինչու, Լոս Անջելեսինը չկա:
Իսկ մինչ քաղաքապետ դառնալը նա երբեք բիզնես կլասով ԱՄՆ չի մեկնել. անգամ հայտնի բանավեճի օրը ասաց այդ մասին»: