Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Իսրայելին կոչ են արել արագացնել զորքերի դուրսբերումը երկրից
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) Իսրայելին կոչ են արել արագացնել զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից:
Այս մասին ասվում է կազմակերպության «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«ՅՈՒՆԻՖԻԼ-ը կոչ է անում արագացնել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման գործընթացը և Լիբանանի զինված ուժերի տեղակայումը հարավային Լիբանանում: ՅՈՒՆԻՖԻԼ-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը խախտելուց և ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել ներկայումս տիրող փխրուն կայունությունը։ Խաղաղապահները կշարունակեն վերահսկել և զեկուցել 1701 բանաձևի խախտումների մասին և կաջակցեն ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 27-ին ամերիկա-ֆրանսիական նախաձեռնության համաձայն՝ ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումը հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իր հերթին հրեական պետությունը պետք է 60 օրվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Լիբանանի տարածքից։