#ՀԻՄԱ. ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ-60. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԵՏ. #ՈՒՂԻՂ

Բանաստեղծ Արմեն Դավթյանի ընկերները, գործընկերները անակնկալ մատուցեցին հեղինակին և նրա 60-ամյակը տոնեցին՝ թե՛ գրողին, թե՛ ընթերցողներին ներկայացնելով  նրա «Հազարամյակների և օրերի միջով. ընտիր երկեր» գիրքը։

Արմեն Դավթյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին «Զանգակ» գրատանը, հանդիպումը վարեց Դավթյանի կուրսընկերուհի, «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը, որը ոչ միայն խոսք տրամադրեց Արմեն Դավթյանի ընկերներին, այլև ընթերցեց նրա ստեղծագործություններից մի քանիսը։

Գրքի հրատարակման ոգեղեն մասն ապահովել է Արմեն Դավթյանը, նյութեղեն մասը՝ Տիգրան Պասկևիչյանն ու Վահագն Աթաբեկյանը։

«Կարծում եմ՝ ամեն բան կեղծ կլիներ, եթե մեր ստեղծագործություններում չլիներ մեր կենսագրությունը՝ Արմենի գործերում՝ իր և մեր կենսագրությունը, նրա և մեր գրածի մեջ՝ մեր և իր կենսագրությունը։ 1980-90-ականներին մենք ապրում էինք կոմունայով, և որևէ գործ, որ գրում էր Արմենը, Վահագնը կամ ես, առաջին ընթերցողն ու քննարկողը մենք էինք լինում։  Վահագնը մեր գործերն անմիջապես անգիր էր սովորում»,-ասաց Պասկևիչյանն ու հավելեց՝ Արմեն Դավթյանը թղթի վրա չէր գրում, այլ արտասանելով, առոգանելով էր գրում։

Արձակագիր Հովհաննես Երանյանն էլ հիշեց՝ Արմեն Դավթյանն իրենց  կուրս է եկել, երբ որոշել են իրեն հեռացնել կուրսի ավագությունից։ Լևոն Հախվերդյանն ու Կիմ Արզումանյանը որոշել են Երանյանի փոխարեն կուրսի ավագ նշանակել Արմեն Դավթյանին։ «Երբ խոսք տվեցին նոր ավագին, Արմենն այնպիսի ճառ ասեց, որ նրանք վախեցած իրար նայեցին  և ասացին. «Նախորդ ավագը, կարծես թե, ավելի լավ էր»։ Նա  մեր կուրսում մեկ տարի սովորեց և շատ հարստացրեց մեզ։  Ես միշտ հավանել եմ Արմենի բանաստեղծությունները և միշտ ցանկացել եմ, որ էլի գրի»,-շեշտեց Երանյանը։

Միջոցառմանը ներկաներին հնարավորություն տրվեց տեսանյութի միջոցով ունկնդրել Դավթյանի բանաստեղծություններից մեկը Խորեն Աբրահամյանի մատուցմամբ։ Տարիներ առաջ Երանյանը դիմում է Աբրահամյանին, որպեսզի նա կարդա Դավթյանի ստեղծագործություններից մեկը։ Ժողովածուին ծանոթանալուց հետո Աբրահամյանը խնդրում է, որ գիրքը ևս մի քանի օր իր մոտ մնա, քանի որ ստեղծագործությունները շատ հետաքրքիր են։

Արմեն Դավթյանը ոգևորված էր, զգացված։ Նա պատմեց. «Երբ առաջին գիրքս պետք է տպվեր, պատահաբար հանդիպեցի Ռազմիկ Դավոյանին։ Մինչ գիրքը հրատարակելը պետք է կարծիք գրվեր դրա մասին. դա ներքին գրախոսություն էր։ Դավոյանն ասաց, որ արդեն գրել է և առաջարկեց մտնել իր տուն ու վերցնել այն։ Դավոյանի հիսունամյակի առթիվ մի հաստափոր գիրք էր տպվել։ Նա գեղեցիկ ընծայականով մակագրեց այն ու նվիրեց ինձ։ Ես երիտասարդ էի և սանձարձակ։ Վերցրի գիրքը, բացեցի ու տեսա, որ վրան գրված է «Ընտիր երկեր», իսկ հետևի մասում՝ «18 մամուլ»։ Ասացի՝ բայց Հովհաննես Թումանյանը 18 մամուլ ընտիր երկ չունի։ Այս 18 մամուլի վրա ինչպե՞ս է գրված ընտիր երկ։ Ռազմիկ Դավոյանը նայեց-նայեց, ասաց. «Դու կարծես իսկական պոետ ես»։ Դավոյանը խոստովանեց, որ ոչ ոք նրան նման խոսքեր չէր ասել ու արաղը հանեց»։

Այդ իրադարձությունից հետո ամեն անգամ, երբ Արմեն Դավթյանը որևէ գրքի վրա կարդում է  «Ընտիր երկեր», սկսում է հաշվել, թե քանի մամուլ է։

Հայագետ, բանաստեղծ Արմեն Դավթյանն ուսանել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Խմբագիր է աշխատել «Գարուն» ամսագրում։ Եղել է ՀՀ նախագահի (1998-2018), ՀՀ վարչապետի (2018-2019) ռեֆերենտ, ՀՀ ԱԱԾ տնօրենի խորհրդական (2019-2020)։ Աշխատում է Բյուրականի աստղադիտարանիՊատմամշակությաին աստղագիտության բաժնում։ Զբաղվում է շումերագիտությամբ։ ՀԳՄ անդամ է։ Բանաստեղծական երկու ժողովածուի, գիտական չորս մենագրության հեղինակ է։

Արմեն Դավթյանի ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից է։  Առաջին քայլերն անելով 1980-ականների սկզբին՝  դարձել է համարձակ ու ինքնատիպ հեղինակ և գրական միջավայրում ճաշակ է թելադրել՝ ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։

«Հազարամյակների և օրերի միջով. ընտիր երկեր» գրքում, որը հրատարակել է «Նյումեգ»-ը, ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի  հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից շատ հեղինակների։

Տեսանյութեր

Լրահոս