Բաժիններ՝

Գյումրիի կրակոցները՝ վենդետայի դրսևորում

Գյումրիում այսօր տեղի ունեցած կրակոցների գործով բերման ենթարկված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը, լարված հարաբերություններ է ունեցել Հարություն Խաչատրյանի որդու հետ և «Փաստինֆոյի»՝ հակամարտությանը քաջածանոթ աղբյուրի կարծիքով՝ Գյումրիում գործ ունենք վենդետայի հետ։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Վերջիններս Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար Քավոր Հարութ և Շեկո մականուններով եւ համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։

Նախնական տեղեկություններով նշված անձանց ուղղությամբ կրակոցներ են արձակել ՀՀ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ։

Ոստիկանության օպերատիվ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը։ Իսկ Գյումրի տանող ճանապարհները ոստիկանությունը վերցրել է հսկողության տակ։

Կարդացեք նաև

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ըստ ամենայնի, Քավոր Հարութի և Շեկոյի ուղղությամբ արձակված կրակոցները Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանի նկատմամբ ամիսներ առաջ կատարված հարձակման պատասխանն էր։ Հարձակման հետևանքով Կ.Ղուկասյանը մարմնական վնասվածք էր ստացել գլխի շրջանում և ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով, որը կասեցվել էր, քանի որ չէր բացահայտվել կատարողների ինքնությունը։ Թեև Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կ.Ղուկասյանի վրա հարձակում կատարողների թվում էր նաև Քավոր Հարութի որդին, սակայն նախաքննական մարմնին չէր հաջողվել ձեռք բերել բավարար ապացույցներ, իսկ Կ.Ղուկասյանը հայտարարել էր, թե սառույց է ընկել գլխին։

Ի դեպ, հետաքրքիր է, որ դեռևս ամիսներ առաջ Շիրակի նախկին դատախազ Դավիթ Սարգսյանը կանխատեսել էր հեղինակություն ունեցող այդ երկու անձանց շրջապատի ներկայացուցիչների միջև հարաբերությունների սրումը։ Մեր ունեցած տեղեկություններով դեռևս փետրվար ամսին Դավիթ Սարգսյանը գրություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին՝ միջոցներ ձեռնարկելու համար։ Քրեական գործերի ուսումնասիրությամբ մարզի դատախազ Դ.Սարգսյանը հանգել էր այն եզրակացության, որ Ղուկասյանի և Գրիգորյանի, նրանց շրջապատող երիտասարդների միջև առաջացել է անբարյացակամ իրավիճակ, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ՝ կարևորելով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը։

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս