Իսրայելը ՀԱՄԱՍ-ից սպասում է կենդանի պատանդների ցուցակը՝ գործարքն առաջ մղելու համար. JPost
Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից սպասում է Գազայի հատվածում պահվող կենդանի պատանդների ցուցակը՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար։ Այս մասին տեղեկացրել է The Jerusalem Post թերթը՝ հղում կատարելով Իսրայելի անվտանգության ոլորտում ունեցած աղբյուրին։
Բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պայմանավորվածությունների հասնելու ճանապարհին զգալի դժվարություններ կան, ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Իսրայելը դեռ ՀԱՄԱՍ-ից սպասում է կենդանի պատանդների ցուցակին, որոնց արմատականները նախատեսում են ազատ արձակել քննարկվող գործարքի շրջանակում։ Առանց այս ցուցակի չափազանց դժվար կլինի առաջընթաց գրանցել բանակցություններում, հավելել է աղբյուրը։ Կողմերի պատվիրակությունները շարունակում են Կատարում հնարավոր գործարքի մանրամասների քննարկումը։
Ինչպես հաղորդել է The Times of Israel-ը, Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պոտենցիալ գործարքի առաջին փուլում նախատեսվում է իսրայելական բանտերից ազատ արձակել 250 պաղեստինցի բանտարկյալի՝ Գազայում պահվող երեխաների, կին զինվորների, տարեցների եւ հիվանդների դիմացն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը առաջին փուլում պահանջել է ազատ արձակել 34 պատանդի, այդ թվում՝ 11 հոգու, որոնց ՀԱՄԱՍ-ը համարում է զինվորներ։
Անցյալ շաբաթ իսրայելական Ynet պորտալը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ հնարավոր գործարքի մանրամասների մեծ մասն արդեն համաձայնեցված է, սակայն հիմնական վեճը պատանդների թվաքանակն է, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին փուլում