Սամվել Բալասանյանը կրակոցների մասին լսել է, իսկ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը՝ չի լսել

Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց, թե ինքը լսել է Գյումրիում հնչած կրակոցների մասին, բայց մանրամասն որևէ տեղեկություն չունի: Նա ասաց, որ ինքը չգիտի ավելին, քան գրված է մամուլում:

«Ճիշտն ասած, ես ուրիշ տեղ էի, նոր եմ քաղաք մտնում, ասեցին, որ կրակոց է եղել, մասնամասնություններին տեղյակ չեմ: Բնականաբար, դատապարտում եմ, եթե նման բան է եղել»,- 168.am-ին ասաց Սամվել Բալասանյանը:

Նա նաև ասաց, թե տեղյակ չէ՝ արդյոք վիրավորվածներից  «Քավոր Հարութը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավո՞րն է և արդյո՞ք նա նույնպես ԲՀԿ անդամ է: «Ինձ ուղղակի ասել են, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել, որ մանրամասնւթյուններն իմանայի՝ կասեի»,- նշեց Գյումրիի քաղաքապետը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակոցների կազմակերպիչը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է՝ Վահիկ Ղուկասյանը:

Սամվել Բալասանյանը նշեց, որ չի կարող այդ հարցին ևս պատասխանել, քանի որ տեղեկատվության չի տիրապետում, իսկ իրեն այդպիսի վարկածների մասին չի ասվել,  մանրամասներին հավանաբար ավելի ուշ տեղեկացված կլինի:

Ուշագրավ էր նաև Գյումրիի ԲՀԿ կառույցներից մեկի  ղեկավար, Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի պատասխանը: Նա  168.am-ի հետ հետ զրույցում ասաց, թե կրակոցների մասին  առաջինը մեզնից է լսում:

Նա հաստատեց, որ Մարտուն Գրիգորյանը Հարութ անունով քավոր ունի, սակայն դժվարացավ հիշել նրա ազգանունը: Վարդևան Գրիգորյանը նշեց, որ Գյումրիում կա ԲՀԿ-ի երեք կառույց, որոնցից մեկի ղեկավարն էլ Մարտուն Գարիգորյանն է: Իր ղեկավարած կառույցում, համենայնդեպս, Մարտուն Գրիգորյանի քավորն իբրև կուսակցական հաշվառված չէ:

Տեսանյութեր

Լրահոս