Ֆիդանը հնարավոր է համարել թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայից
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ իր երկիրը պատճառ չունի պահպանելու ռազմական ներկայությունը Սիրիայում միգրացիայի եւ ահաբեկչության հետ կապված սպառնալիքի վերացման դեպքում։
«Ինչպես գիտեք, Սիրիայում թուրքական ներկայությունը երկու հիմնական նպատակ ուներ։ Մեկը Թուրքիա հետագա զանգվածային միգրացիայի կանխումն է, որովհետեւ ընդդիմությանը ենթակա [տարածքներում] ապրում է 5 մլն մարդ։ Ահաբեկչության դեմ պայքարի հարցերը եւս կարեւոր են մեզ համար։ Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ այս երկու հիմնական խնդիրները վերացվում են, մենք պատճառ չունենք մնալու Սիրիայում»,- նշել է նա Կատարի Al Jazeera հեռուստաալիքի հարցազրույցում՝ պատասխանելով թուրքական զորակազմի հնարավոր դուրսբերման մասին հարցին, եթե անցումային կառավարությունը լիակատար վերահսկողություն սահմանի երկրի տարածքում։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան մտադիր է օգտագործել իր ազդեցությունը Սիրիայում՝ սիրիացի ժողովրդի համար ավելի մեծ օգնություն ներգրավելու նպատակով։ «Մենք դրան նայում ենք այս անկյան տակ, որովհետեւ չենք ցանկանում տեսնել, որ տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ինչ-որ կերպ գերիշխում է Սիրիայի վրա»,- ավելացրել է նա։ «Ոչ մի երկիր իրականում չի կարող լուծել Սիրիայի բոլոր խնդիրները, ուստի մենք պետք է աշխատենք միասին»,- շարունակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։