Բաժիններ՝

Վարորդները գումարին «դոստուպ» չունեն, ի՞նչ է կատարվում, գումարն ո՞ւր է գնում. Նախատեսել են 2025թ. հանրությունից «քերեն» 21,3 մլրդ դրամ». Մեսրոպ Մանուկյան

Հունվարի 1-ին մնացել են հաշված օրեր, սակայն Երևանի քաղաքային իշխանությունը մտադրություն չունի լսելու հանրության շրջանում առկա հանրային տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ բողոքները։ Միակ բացատրությունը, որը տալիս են քաղաքային իշխանությունները, այն է, որ՝ ուղեվարձը բարձրացնելով՝ բարելավելու են տրանսպորտի վիճակը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վստահեցնում է՝ որքան իշխանությունն է պայքարում իր անտրամաբանական որոշումն առաջ տանելու համար, նույնչափ էլ իրենք են պայքարում, որպեսզի այդ որոշումը փոխվի։

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հավաքել է 17.000 ստորագրություն, որպեսզի խմբակցության ներկայացրած օրինագիծը կրկին մտնի շրջանառության մեջ, և հանրային տրանսպորտը չթանկանա։

«Տեսեք, այս հիմար մեթոդը, որն իրենք ներդրեցին, որ պետք է կա՛մ վճարում կատարես «Թել Սելի» դրամապանակով, կա՛մ 100 դրամով, մենք կարողացանք հարց բարձրացնել, որ բանկով էլ կարողանան վճարել։

Կարդացեք նաև

Քաղաքային իշխանությունն ասում էր, որ ստվերը կվերացնեն, ստվերի վերահսկման արդյունքում մեծ գումար կհավաքագրեն։ Մինչդեռ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ մենք տեսանք, որ եթե նախկինում վարորդներն առձեռն գումարը վերցնում էին, և օրը շուրջ 33 մլն դրամ էր հավաքագրվում, սակայն վերջին 14 օրերի տվյալներով, երբ վարորդները փողի հետ գործ չունեն՝ հավաքագրվել է օրը շուրջ 28 մլն դրամ։

Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, եթե նախկինում վարորդները ստվեր ունեին, գրպանում էին, հիմա ի՞նչ՝ «Թել Սելը» «փա՞յ» է հանում, այդպե՞ս է ստացվում։ Հիմա վարորդներն այդ գումարին «դոստուպ» չունեն, բա ի՞նչ է կատարվում, գումարն ո՞ւր է գնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մանուկյանը։

Ըստ նրա, այս պարագայում արդեն հասկանալի է դառնում, որ ստվերը, այսինքն՝ կոռուպցիան, ուրիշ տեղում է թաղված։ Օրինակ, եթե քաղաքացին նստում է հանրային տրանսպորտ, ու «Թել Սելի» ապարատը չի աշխատում, ապա քաղաքացին կարող է չվճարել, իրենք ի՞նչ կարող են անել։

«Ժողովրդի այն հատվածը, որն այս ամենից դժգոհ է, պետք է հավաքվեն ու ստիպեն Կառավարությանը, որպեսզի հրաժարվեն իրենց չբարեփոխված տրանսպորտի սակագնի բարեփոխումից։ Ինչի՞ համար, որովհետև արժանապատիվ տրանսպորտը հրամցված չէ, ամբողջ այս փաթեթը դարձրել են մենաշնորհ, ու խնդիրը դրված է՝ միայն թանկացնել։ Նաև մեկ բան ֆիքսենք՝ իրենք նախատեսել են, որ 2025 թվականին հանրությունից «քերեն» 21,3 մլրդ դրամ, քանի որ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի պլանավորման մեջ այդ թիվն է նշված»,- հավելեց Մ. Մանուկյանը։

Ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի բնորոշմամբ՝ քաղաքացիները պետք է փորձեն աջակցել իրենք իրենց, պաշտպանեն իրենց շահերը, քանի որ ստվերը չի վերացել, կոռուպցիան շատ բարձր մակարդակի վրա է, հովանավորչությունն էլ՝ իր հերթին։ Հետևաբար, հանրային տրանսպորտը թանկացնում են, որպեսզի ավելի շատ գումար հավաքագրվի։

«Իմ տրամաբանությունը հուշում է՝ իմ գնահատմամբ, քանի որ 200.000-ից ավելի մարդու վարկ ուզում են «ջրել» պետական բյուջեի հաշվին, գուցե կան քաղաքացիներ, որոնք արժանի են, որ իրենց վարկը վճարվի, սակայն սա դիտարկվում է՝ որպես նախընտրական կաշառք։ Այսինքն՝ ո՞րն է տրամաբանությունը՝ 1 մլն 300.000 դրամ վարկ ունեցողի վարկը չես տալիս, բայց 1 մլն ունեցողինը տալիս ես։

Կարծում եմ՝ շուտով մենք սպասելու ենք ֆեյք՝ «Տարոն ջան, սիրուն չէ» օպերացիային։ Նիկոլ Փաշինյանը դառնալու է բարի փերի ու ասի՝ Ավինյան Տիկո, սիրուն չէ, տրանսպորտի գինը չպետք է բարձրանա, ու սա կլինի նախընտրական շոու։ Քաղաքապետարանում sms-ի պոտենցիալ հաճախորդ ունենք, մի երկու հոգու «փուռը» կտան, բայց արդյունքը դա կլինի»,- եզրափակեց Մեսրոպ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս