«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը։
Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Գլոբալ ֆորումի մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Գլոբալ ֆորումի մասնակիցները հատկապես հետաքրքրված էին 1919-1921 թթ. Ստամբուլյան դատավարություններով և Հայոց ցեղասպանության՝ միջազգային իրավունքի վրա ունեցած դերով:Ֆորումի մասնակիցները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: